Գույն և գունավորում

Գույնի բնութագրություն

Գույների զարմանալի ուժի մասին է վկայում դրանց ամենուրեք լինելու փաստը: Բնության գրկում գտնվելիս փորձեք նկատել, թե որքան ճիշտ և նուրբ է բնությունը բաշխել հազարավոր երանգներ: Գույները ոչ միայն հարս­տացնում են աշխարհի նկատմամբ մեր գեղագիտական ընկալումը, այլ նաև կենսականորեն կարևոր ֆունկցիաներ են կատարում: Դրանց ազդեցությունը մարդկանց վրա շատ ավելի մեծ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Պատահական չէ, որ գույները լայն կիրառություն ունեն նաև դիզայնում:

 Գույնը բնութագրվում է երանգ, հագեցվածություն և պայծառություն հաս­կա­ցություններով:

Երանգը գույնի տարբեր աստիճանի մուգ և բաց վիճակներն են: Յուրա­քանչյուր գույնի երանգներ ստանալու համար անհրաժեշտ է ավելացնել տարբեր քանակությամբ սպիտակ կամ սև գույներ:

Հագեցվածությունը գունային երանգի արտահայտման աստիճանն է: Ինչքան փոքր է հագեցվածությու­նը, այնքան գույնը քիչ է տարբեր­վում ան­գույն կամ գորշ վիճակից: Օրինակ՝ եթե մա­քուր կարմիր գույնի ներկին խառնեն մի փո­քր սպիտակ կամ սև գույնի ներկ, գունային երանգը դրա­նից չի փոխ­վի, բայց ստացված նոր գույնը կլի­նի ավելի քիչ հագեցված: 

Պայծառությունը գույնի լուսավորության աստիճանն է: Գույնին եթե ավելացնեն սպիտակ, կմեծանա պայծառությունը, իսկ սև ավելացնելու դեպքում պայծառությունը կնվազի:

Գոյություն ունեն բազմաթիվ տարբեր գույներ և երանգներ: Դրանց քանակը հնարավոր չէ հաշվել: Տարբեր գույների խառնումից ստացվում են նոր երանգներ: Գույները կանոնակարգելու համար մաս­նագետները կիրառում են տարբեր համակարգեր, օրինակ՝ <<գույների շրջան — 12 գույների շրջան>> համակարգը:

Հիմնական (մաքուր) գույները  երեքն են՝ կարմիր, դեղին, կապույտ: Այս գույներն անհնար է ստանալ այլ գույներ իրար խառ­նելով, ընդհա­կա­ռակը, այս երեք գույները խառնելով ստանում են մնացած բոլոր գույները։ Նկարում երևում է կարմիր, դեղին, կապույտ հիմնական գույներից ստաց­վող գույների բազմությունը: Յուրաքանչյուր գույն ունի իր կարևորու­թյու­նը և ազդում է մարդու գիտակցության վրա տարբեր ձևով: Տեսնելով որեւէ գույն` մարդն ունենում է որոշակի հուզա­կան ապրումներ, բարձրանում կամ ընկնում է տրամադրությունը: Այս իմաս­տով գույները լինում են տաք, սառը և չեզոք:

Տաք են կոչվում կրակի և արևի գույները  (կարմի­րը, դեղինը, նարնջագույնը և դրանց երանգները): Այս գույներն ունեն ակտիվ ներգործություն, բարձրաց­նում են տրամադրությունը, քաջալերում:

Սառն են կոչվում ջրի և սառույցի գույները (կա­պույ­տը իր երանգներով, կանաչը, մանուշակա­գույնը): Սառը գույները հանգստացնող են, տրամա­դրում են անդորրի:

Չեզոք գույներն են սպիտակը և գորշը:

Արեգակի լույսը թվում է սպիտակ, սակայն իրականում այն պարունա­կում է ծիածանի բոլոր գույները: Սպիտակ լույսի ճառագայթն, անցնելով ապակե պրիզմայի միջով, բեկվում է և առաջացնում գույների լուսապատկեր (սպեկտոր): Դրա կազմի մեջ մտնում են յոթ գույները` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, երկնագույն և մանուշակագույն: