Խառատապտուտակահան հաստոց

Ծանոթացի՛ր հաստոցի կառուցվածքին

Դպրոցական ուսումնական արհեստանոցում խառատային աշխատանքներ կատարելիս օգտվում են ուսումնական խառատապտուտակահան հաստոցներից:

Նկ. Խառատապտուտակահան հաստոց.
Նկ. Խառատապտուտակահան հաստոց․
1) մատուցման մեծության և պարուրակի քայլի կարգաբերման բռնակ, 2) ըն¬թա¬ցային լիսեռի և ընթացային պտուտակի միացման բռնակ, 3) մատուցման ուղղության փոփոխման բռնակ, 4,5) իլի պտտման հաճախականության կար¬¬գա¬¬բերման բռնակներ, 6) երկայնական մատուցման մեխանիկական մի¬աց¬ման բռնակ, 7) ընթացային պտուտակի մանեկի միացման բռնակ, 8) հե¬տևի թամբը հենոցին ամրացնելու բռնակ, 9) պինոլի ամրացման բռնակ, 10) պի¬նոլի մատուցման դարձանիվ, 11) երկայնական մատուցման դարձանիվ, 12) լայնական մատուցման դարձանիվ

Հաստոցի հիմնական մասը հենոցն է, որը տեղակայված է երկու պատվանդանների վրա: Հենոցի վրա տեղակայված են առջևի թամբը, հետևի թամբը և սուպորտը: Առջևի թամբում տեղավորված արագությունների փոխանցման տուփի (4) և (5) բռնակների օգնությամբ իրականացվում է իլի պտտման հաճախականության կարգավորումը, (3) բռնակը նախատեսված է մատուցումների տուփին փոխանցվող պտտական շարժման ուղղությունը փոխելու համար: Իլի վրա տեղակայվում է նախապատրաստվածքն ամրակապելու համար նախատեսված հարմարանք (կապիչ):
Մատուցումների տուփի (1) և (2) բռնակների միջոցով փոխելով ընթացային լիսեռի և ընթացային պտուտակի պտտման հաճախականությունը՝ կարգավորում են մատուցման մեծությունը և մշակվող պարուրակի քայլը:
Սուպորտի և գոգնոցի միջոցով իրականացվում է կտրիչի երկայնական (ձեռքի և մեխանիկական) և լայնական (ձեռքի) տեղաշարժը կամ մատուցումը: Ձեռքի երկայնական մատուցումն իրականացվում է (11) դարձանիվի միջոցով, իսկ երկայնական մեխանիկական մատուցման միացումը (6)՝ բռնակի միջոցով: Կտրիչի լայնական մատուցումը կատարում են (12) բռնակի միջոցով:
Սուպորտի վերին սահուղիները կարող են շրջվել լայնական սահուղիների նկատմամբ մինչև 40° անկյունով դեպի աջ կամ ձախ: Պարուրակներ մշակելիս ընթացային պտուտակի մանեկը միացնում են (7) բռնակի միջոցով: Հետևի թամբի դարձանիվի (10) միջոցով տեղաշարժվում է կոնական անցքով պինոլը: Պինոլի անցքի մեջ տեղակայում են կենտրոն, գայլիկոն կամ այլ կտրող գործիք: Պինոլի դիրքը սևեռվում է (9) բռնակի միջոցով, իսկ հետևի թամբի դիրքը (8)` բռնակի միջոցով:
Խառատապտուտակահան հաստոցի վրա շրջատաշում և ներտաշում են գլանաձև, կոնաձև և ձևավոր մակերևույթներ, դետալների վրա մշակում են ճակատային մակերևույթներ, ակոսներ, ներքին և արտաքին պարուրակներ, գայլիկոնում անցքեր:
Խառատապտուտակահան հաստոցով մետաղների մշակման համար հիմ¬նական կտրող գործիք է հանդիսանում կտրիչը:

Նկ. Կտրիչի տարրերը.

1- գլխավոր հետևի մակերևույթ
2 — օժանդակ հետևի մակերևույթ
3 — գագաթ
4 — օժանդակ կտրող եզր
5 — առջևի մակերևույթ
6 — գլխավոր կտրող եզր
Նկ. Խառատային կտրիչներ.
Նկ. Խառատային կտրիչներ.

ա — անցահատ ուղիղ, բ — անցահատ ծռված
գ — անցահատ հենակային
դ — ճակատատաշ
ե — կտորահատ
զ — ձևավոր
է — պարուրակահան
ը — ներտաշ

 

  • Ճակատային մակերևույթների մշակումն իրականացնում են անցահատ ուղիղ, ծռված, հենակային և ճակատատաշ կտրիչներով:
  • Արտաքին գլանաձև մակերևույթների շրջատաշումը մեծ կիրառություն ունեցող խառատային աշխատանքներից է: Այն իրականացնում են անցա¬հատ ուղիղ, ծռված կամ հենակային կտրիչներով:
  • Արտաքին ակոսների մշակումը և կտորահատումը կատարում են կտորահատ կտրիչներով:

 

Փորձիր տարբերակել խառատային կտրիչները
Խառատապտուտակհան հաստոցի վրա աշխատելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգ աշխատանքի հետևյալ կանոնները.

— Հաստոցը միացնել մայն ուսուցչի թույլտվությամբ,
— հաստոցի վրա աշխատել միայն արտահագուստով և պաշտպանիչ ակնոցներով,
— հաստոցի վրա աշխատել միայն պաշտպանիչ վահանակները փակ վիճակում,
— նախապատրաստվածքը ամրակապել ամուր և հուսալի,
— չի կարելի հաստոցի պտտվող մասերի վրայով իրեր փոխանցել կամ վերցնել,
— չի կարելի պտտվող դետալի վրա չափումներ կատարել,
— չի կարելի գործիքներն ու նախապատրաստվածքները դնել հաստոցի վրա,
— չի կարելի հենվել հաստոցին,
— չի կարելի հեռանալ աշխատող հաստոցից: