Բառարան
Աշխարհագրական դիրք- Աշխարհագրական օբյեկտի տարածքային հարաբերությունները երկրի մակերեսի և փոխգործողությամբ դրա հետ կապված այլ օբյեկտների հետ:
Ժողովրդագրական իրավիճակ — Բնակչության իրավիճակը ներառում է ծնելիություն, մահացություն, միգրացիաների և սեռատարիքային կառուծվածքի մեծությունների հարաբերակցությունը և նրանց փոփոխությունների միտումները։
Ժողովրդագրական ճգնաժամ- Իրավիճակ, երբ բնակչության թվի բնական աճ չկա, մահացությունը գերազանցում է ծնելիությանը, առկա է բնակչության նեղացված վերարտադրություն և բնակչության բացարձակ թվի նվազում։
Ժողովրդագրական պայթյուն- Բնակչության թվի կտրուկ աճ նոր զարգացող երկրներում գաղութային համակարգի փլուզումից հետո ծնելիության մակարդակի պահպանման և մահացության թվի էական կրճատման հետևանքով։
Կյանքի սպասվող միջին տևողություն — Ցուցանիշն արտահայտում է հավանական այն տարիների թիվը, որն առաջիկայում կարող է ապրել մարդը՝ մահացության առկա մակարդակի պահպանման պայմաններում։
Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) — Պետության տարածքում ստացված ամբողջական եկամտից թողարկված արտադրանքի և մատուցված ծառայությունների միագումար արժեքն է։
Տարածաշրջան (ռեգիոն) — Տարբեր մեծության և տարբեր կարգի շրջաններ են, որոնք առանձնանում են ներքին միասնության, կամ էլ որևէ երևույթի համասեռության, միատեսակության հիման վրա։
Տնտեսական շրջան — Երկրի մի ամբողջական համալիր մաս, որը մյուսներից տարբերվում է իր մասնագիտացմամբ և տնտեսության համալիր բնույթով։
Տնտեսության տարածքային կառուցվածք – Երկրի տնտեսական մասնագիտացված մասերի՝ տնտեսական շրջանների կազմն է, հարաբերակցություններն ու փոխադարձ կապերը։
Տնտեսության ճյուղային կառուցվածք — Հասարակական արտադրանքի և ազգային եկամտի ստեղծման գործում տնտեսության ճյուղերի մասնակցության հարաբերակցությունները։
Տրանսպորտային հանգույց- Բնակավայր որում հատվում են տրանսպորտի տարբեր տեսակի 2-ից ավելի գծեր։
Քաղաքաշխարհագրական դիրք — Պետության տարածքային հարաբերությունները միջազգային քաղաքական ուժերի կենտրոնների հետ։
Ուրբանիզացում – Հասարակության մեջ քաղաքների դերի բարձրացման, քաղաքաբնակների բաժնի ավելացման և քաղաքային ապրելակերպի տարածման երևույթ։
Քաղաքային ագլոմերացիա — Քաղաքային և գյուղական բնակավայրերի կուտակում մեկ խոշոր քաղաքի կամ մի քանի միմյանց մոտ գտնվող քաղաքների շուրջ, որոնց հետ ունեն բազմաբնույթ սերտ կապեր։
Մեգապոլիս – Քաղաքային ագլոմերացիաների ընդարձակման և միաձուլման արդյունքում ձևավորված ավելի հզոր ու ընդարձակ ուրբանիզացված գոտի։