10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր:

Առանձնացրել ենք 10 հայ բժիշկ գյուտարարների, որոնք բժշկագիտության զարգացման գործում իրենց գիտական գործունեությամբ նշանակալի ներդրում են ունեցել:

Ռեյմոնդ Դամադյան(1936-2022) հայազգի գյուտարար, որը հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, ինչը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Դամադյանն առաջինն էր, որ 1977 թվականին անցկացրեց մարդու մարմնի լիարժեք սկան՝ քաղցկեղ ախտորոշելու համար:

Մայքլ Տեր-Պողոսյան-(1925-1996)  հայազգի  ֆիզիկոս, գյուտարար, ում հայտնագործությունները կարևոր նշանակություն են ունեցել բժշկական ախտորոշման զարգացման համար:

Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայրերից է, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը ստեղծողներից մեկը ։

Էզրաս Հասրաթյան-(1903-1981) հայ նյարդաֆիզիոլոգ, որը մշակել է նյարդային համակարգի հարմարվողականության տեսությունը՝ պարզաբանելով վնասված օրգանիզմում վերականգնողական երևույթների մեխանիզմը և գլխուղեղի կեղևում դրա որոշիչ դերը:

Ստեղծագործաբար զարգացնելով պավլովյան ուսմունքը բարձրագույն նյարդային համակարգության ֆիզիոլոգիայի բնագավառում՝ Հասրաթյանը հարստացրեց այն մի շարք բացահայտումներով, որոնցից ամենակարևորներն են պայմանական ռեֆլեքսների համակարգայնության օրինաչափությունները, պայմանական կապերի երկկողմանի բնույթը, փոխարկումային պայմանական ռեֆլեքսների առկայությունը և ներքին արգելակման առաջացման մեխանիզմը, տեղակայումը պայմանական ռեֆլեկտորային աղեղի սահմաններում։

Ի դեպ, անվանի գիտնականի անունով է կոչվում Քանաքեռ-Զեյթուն վարչական  շրջանի երևանյան այն փողոցը, որտեղ տեղակայված է ԵՊԲՀ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը:

Միխայիլ Չայլախյան-(1902–1991) հայ գիտնական, հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ, ում գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բույսերի աճման ու զարգացման հարցերին:

Դեռևս 1936-1937թթ. Չայլախյանը հանգել է այն եզրակացության, որ բույսերի ծաղկման լուսապարբերական կարգավորումն իրականանում է հորմոնային գործոնների օգնությամբ, որոնց անվանել է ֆլորիգեն։

Ըստ Չայլախյանի՝ բույսերի զարգացման հորմոնալ տեսության համաձայն՝ ֆլորիգենի առաջացումը անհրաժեշտ է ցանկացած բույսի ծաղկման համար:

Խաչատուր Կոշտոյանց-(1900-1961) հայ ֆիզիոլոգ, ում հիմնական հետազոտությունները վերաբերում են էվոլյուցիոն ֆիզիոլոգիային: Նրա հետազոտությունները նշանակալից ազդեցություն են ունեցել նյարդային համակարգի գործունեության քիմիական հիմունքների ժամանակակից հայեցակարգի ձևավորման վրա։

Նա մշակել է (1937) նյարդային գրգիռի ֆերմենատաքիմիական վարկածը, համաձայն որի՝ սինապսային հաղորդումն արդյունք է նախա- և հետսինապսային կառուցվածքների նյութափոխանակության շարժընթացների փոխներգործության:

Հրաչյա Բունիաթյան-(1907-1981)  Հայաստանում կենսաքիմիայի և նյարդաքիմիայի հիմնադիրը:

Նրա գիտական հետազոտությունները նվիրված են եղել ուղեղի կենսաքիմիայի, օքսիդացման և նյութափոխանակության նյարդային կարգավորման գործընթացներում վիտամինների, ֆոսֆատիդների և կենսածին ամինների դերին:

Ակադեմիկոսը ուսումնասիրել է ամինաթթուներից ամոնիակի առաջացման մեխանիզմները, հայտնաբերել է նոր նիկոտինամիդային կոֆերմենտ և ուսումնասիրել նրա դերը նյութափոխանակության գործընթացներում, ցույց է տվել նյութափոխանակության կարգավորման մեջ գամմա-կարագաթթվի դերը, պարզաբանել այդ ամինաթթվի կենսասինթեզի ու կատարոլիզմի ուղիները, ուղեղում ամոնիակի գոյացման և չեզոքացման մեխանիզմի հարցերը:

Արթուր Բուլբուլյան-(1900 -1996) ամերիկահայ բժիշկ, գյուտարար, որը ստեղծել է А-14 թթվածնային դիմակները, որոնք օգտագործել են ամերիկյան ռազմաօդային ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն ցրտադիմացկուն էր, ներառում էր ռադիոհաղորդակցման միկրոֆոն և օդաչուին հնարավորություն էր տալիս խոսել և ուտել առանց դիմակը հանելու։

Ալբերտ Կապիկյան-(1930-2014) ամերիկահայ ֆիզիկոս, բժշկագիտության զարգացման առաջամարտիկ և վարակիչ հիվանդությունների հետազոտող, մեծաթիվ շրջադարձային բժշկագիտական հետազոտությունների հեղինակ, վիրուսոլոգ։

Նա բազմամյա աշխատանքի արդյունքում հայտնաբերել է ռոտավիրուսը և ստեղծել առաջին արտոնագրված ռոտավիրուսային պատվաստանյութը։

Թեոդոր Թորոսևիչ-(1789- 1789) հայ բժիշկ, դեղագործ, քիմիկոս, գյուտարար, հասարակական գործիչ, հանքային ջրերի հայտնի ուսումնասիրող։

Պատրաստել է բուսական, կենդանական, և քիմիական ծագման տարբեր դեղեր։

Ուսումնասիրել է ապակիների տարբեր հատկություններ և ստացել դեղասրվակների համար պիտանի կարմիր և դեղին ապակի։ 1836 թվականին աշխարհում առաջինն է ապացուցել, որ լաբորատոր նպատակներով արդյունավետ է շագանակագույն ապակի կիրառել։

Ռոջեր Էդուարդ Քոլլինգվուդ Ալթունյան-(1922-1987) անգլիահայ բժիշկ և դեղագետ, որը նատրիումի քրոմոգլիկատի՝ որպես բրոնխիալ ասթմայի դեղամիջոց օգտագործման նախաձեռնողն էր: Ստեղծել է ներշնչակ, քթի սփրեյը և աչքի կաթիլները:

Այս ցանկին ո՞ւմ անունը կավելացնեք դուք: