Մեքենաշինության զարգացումը Խորհրդային Հայաստանում
Հետխորհրդային տարիներին ոչ արդարացված մանավորեցման., տրանսպորտային շրջափակման, ավանդական շուկաների կորստի, ավանդական տնտեսական կապերի խզման և այլ պատճառներով փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, զգալիորեն կրճատվեց ճյուղի արտադրանքի ծավալը:
Էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը խորհրդային տարիներին Հայաստանի մեքենաշինական համալիրի ամենազարգացած ենթաճյուղն էր և տալիս էր մեքենաշինության համախառն արտադրանքի կեսը: Բազմազան էր էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքը: Հատկապես մեծ ծավալ էին կազմում տարբեր հզորության շարժական էլեկտրակայանները, ուժային տրանսֆորմատորները, գեներատորները, էլեկտրաշարժիչները, էլեկտրազոդման սարքերը, էլեկտրալամպերը, էլեկտրական հաշվիչները և մալուխները, որոնք ամբողջ ԽՍՀՄ տարածքում ունեին մեծ պահանջարկ:
Այս ենթաճյուղի ձեռնարկություններից հատկապես լայն ճանաչում ունեին Երևանի էլեկտրամեքենաշինական, էլեկտրալամպերի, մալուխի և էլեկտրատեխնիկական գործարանները: Համեմատաբար փոքր ձեռնարկություններ ունեին Գյումրի, Վանաձոր, Կապան, Գորիս և Գավառ քաղաքները: Նշված ձեռնարկություններն այժմ չեն գործում կամ գործում են մասամբ, խիստ նվազել են դրանց արտադրանքի ծավալները, փոխվել են նաև թողարկվող արտադրատեսակները: Դրանցից նշանավոր է ժամանակակից մարտկոցների արտադրության «Էլբաթ» ընկերությունը (Երևան):
Խորհրդային տարիներին հաստոցաշինությունը թողարկում էր տարբեր տեսակի հաստոցներ, իսկ սարքաշինությունը՝ ժամացույցներ (3-րդ տեղը նախկին ԽՍՀՄ-ում), պոմպեր, չափման միջոցներ։ Խոշոր ձեռնարկություններից հայտնի էին հատկապես Երևանի հաստոցաշինական, ֆրեզերային հաստոցների, Երևանի ժամացույցի, Գյումրիի քարհատ հաստոցների, Չարենցավանի հաստոցաշինական ու գործիքաշինական, Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարանները, որոնք այժմ չեն գործում, կամ գործում են մասնակիորեն: Հրազդան քաղաքում կառուցվել է հայ-կանադական հաստոցաշինական նոր գործարանը:
Խորհրդային տարիներին զարգացած էր նաև ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, ավտոմատացման միջոցների ու կառավարման համակարգերի արտադրությունը: Այս գիտատար ենթաճյուղերի ձեռնարկություններում թողարկվում էին համակարգիչներ, ռադիոսարքեր, կապի միջոցներ, կիսահաղորդիչներ, կառավարման ավտոմատացված համակարգեր և այլն (Երևան, Գյումրի, Վանաձոր): Խոշորագուն ձեռնարկություններն են «Հրազդան-մեքենա», Երևանի «Տրանզիստոր», «Մարս» գործարաններն ու միավորումները:
ՀՀ մեքենաշինության տեղաբաշխումն ունի իր յուրահատկությունները: Դրանցից առաջինը ցրված տեղաբաշխումն է: Ի տարբերություն էներգետիկ, մետալուրգիական ու քիմիական արդյունաբերության ճյուղերի, որոնք տեղաբաշխված են մի քանի կենտրոններում, մեքենաշինությունը ցրված է հանրապետության տարբեր քաղաքներում, որտեղ առկա են անհրաժեշտ որակյալ կադրերը:
Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025