Շիրակի մարզ

Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել մարզի խոշոր բնակավայրերի, բնական, տնտեսական և պատմաճարտարապետական նշանավոր վայրերի մասին։

Գյումրու կենտրոնը։ Գյումրին ՀՀ երկրորդ խոշոր քաղաքն է, տնտեսական և կրթամշակութային կարևոր կենտրոն։

Մարմաշենի վանք (10-րդ դար)։ Վանական համալիր, որը գտնվում է Մարմաշեն գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։

Հառիճավանքը հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թվականներին սովորել է Ավետիք Իսահակյանը։Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։

Արփի լիճ ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք։ Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։ Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր, որոնցից 25-ը ներառված են ՀՀ «Կարմիր գրքում»։ Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։

Թռչկանի ջրվեժ։ Գտնվում է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջինը մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։

Արթիկի տուֆի հանքավայրը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում՝ Արագած լեռան զանգվածի հյուսիսարևմտյան լանջին, 1600-2100 մ բարձրության վրա, Արթիկ քաղաքի, Պեմզաշեն, Հառիճ, Սարալանջ, Տուֆաշեն և Հայկասար գյուղերի մոտակայքում։ Տարածքը մոտ 250 կմ²։

Արթիկ քաղաքը գտնվում է Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին։ Մարզկենտրոն Գյումրի քաղաքից հեռու է 20 կմ դեպի հարավ-արևելք, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 105 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Շիրակի սարահարթը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի միջին հոսանքի ավազանում։ Հյուսիսում Շիրակի, արևելքում Փամբակի ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն են, հարավ-արևելքում՝ Շարայի լեռ (Կողգաթ) և Արագած հրաբխային զանգվածները։ Արևմուտքում աստիճանաբար ձուլվում է Կարսի հրաբխային սարահարթին։ Տափաստանային լանդշաֆտ է։ Տարածված են սևահողերը և մուգ շագանակագույն հողերը։ Մշակում են հացահատիկ, շաքարի ճակնդեղ, բանջարեղեն։

Ախուրյան Գետը սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է: Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Գետը անցնում է հայ-թուրքական պետական սահմանով։

Սև բերդ։ Հուշարձան Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։