Լոռի

Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել մարզի խոշոր բնակավայրերի, բնական, տնտեսական և պատմաճարտարապետական նշանավոր վայրերի մասին։

Հաղպատ։ Վանական խոշոր համալիր Հաղպատ գյուղում։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, մատենադարան (10-րդ դար)։ Մեծ դեր է կատարել հայ մատենագրության և մանրանկարչության գործում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Սանահինի վանքային համալիր։ Միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա (10-րդ դար): Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին:

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում (5-րդ դար):

Լոռի բերդ։ Միջնադարյան անառիկ ամրոց Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում (10-րդ դար):

Վանաձոր մարզկենտրոնը Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքն է և Լոռու մարզի տնտեսական և կրթամշակութային գլխավոր կենտրոնը։

Ալավերդի քաղաքն ունի լեռնային տեղանք, որը ներկայացված է անտառապատ և ժայռակերտ լեռներով, սարահարթերով, խոր ձորերով, որտեղով հոսում է Դեբեդ գետը։ Այստեղ է գտնվում ՀՀ միակ պղնձաձուլական կոմբինատը:

Սանահինի կամուրջ։ Պատմամշակութային հուշարձան Ալավերդի քաղաքում։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույցներից է (12-րդ դար): Իրար է միացնում Դեբեդ գետի երկու ափերը։ Հաղպատի և Սանահինի վանական համալիրների հետ միասին այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Ունի 18,6 մ երկարություն և 3,3 մ բարձրություն:

Դսեղի ծովեր։ Երկրաբանական բնության հուշարձան Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք։ Գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

Ստեփանավանի դենդրոպարկ։ Գտնվում է Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա՝ զարդանախշերով ծառեր։

Սպիտակ քաղաքը ծովի մակարդակից բարձր է 1650 մ։ Այն գտնվում է Վանաձոր-Գյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում, Փամբակ գետի հովտում: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը կործանեց քաղաքի մեծ մասը։ Փլվեցին բազմաթիվ գործարաններ, բնակելի շենքեր և այլ օբյեկտներ։ Բարեկամ ժողովուրդների օգնությամբ վեր հառնած Սպիտակն այսօրվա իր տեսքով, թաղամասերի անվանումներով ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ է: