Տավուշի մարզ

Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել մարզի խոշոր բնակավայրերի, բնական, տնտեսական և պատմաճարտարապետական նշանավոր վայրերի մասին։

Հաղարծնի վանք։ 10-րդ դարի հայկական վանական համալիր, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։

Գոշավանք, Նոր Գետիկ վանք։ 13-րդ դարի հայկական կրոնական կառույց Գոշ գյուղի եզրին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն։

Պարզ լիճ։ Գտնվում է Դիլիջանից 9 կմ հս-արլ., 1350 մ բարձրության վրա։ Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300 մ երկարություն և 100 մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը՝ 10 մ։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։

Դիլիջան։ Հանգստավայրային և առողջարանային քաղաք, գտնվում է մարզկենտրոն Իջևանից 36 կմ հարավ-արևմուտք, Աղստև գետի ափին, ծովի մակերևույթից 1100 — 1500 մետր բարձրության վրա։ Այստեղ է գտնվում Հայաստանի և տարածաշրջանի նշանավոր միջազգային կրթական հաստատություններից մեկը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը։ 2016 թվականից Դիլիջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում է։

Իջևան մարզկենտրոնը գտնվում է Աղստև գետի ափին, Երևանից 142 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 700 մետր բարձրության վրա։ Իջևանը մարզի տնտեսական և կրթական գլխավոր կենտրոնն է ։

Դիլիջանի ազգային պարկը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը՝ զբաղեցնելով մոտ 24000 հա տարածք։ Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։

Մակարավանք։ 13-րդ դարի հայկական վանական համալիր, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։

Բերդ։ Գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, հեռավորությունը Երևանից 202 կմ է։ Շրջապատված է ոչ բարձր սարերով։ Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 54 կմ դեպի արևելք։ Բերդ քաղաքն իր անունը ստացել է տեղական ամրոցից (Ցլիկ Ամրամի բերդից)։ Գտնվում է ծովի մակերևույթից 930 մետր բարձրության վրա։

Ոսկեպար։ Գյուղ Տավուշի մարզի հյուսիս-արևելքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Ընդգրկված է Նոյեմբերյան համայնքի կազմում։ Բնակավայրը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհին։ Գյուղից հյուսիս գտնվում է Բաղանիս գյուղը, հարավում՝ Աճարկուտ, հարավ-արևելքում՝ Կիրանց գյուղերն են։ Ունի դարերի պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։


Բագրատաշեն։ Գյուղ, Տավուշի մարզում՝ հայ-վրացական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Բագրատաշենը գտնվում է Դեբեդ գետի ափին։ Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 73 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղի մոտ գտնվում է հայ-վրացական սահմանային անցակետ։