Գեղարքունիքի մարզ

Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել մարզի խոշոր բնակավայրերի, բնական, տնտեսական և պատմաճարտարապետական նշանավոր վայրերի մասին։


Սևանա լիճ։ Բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ², որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ³ է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Սևանա լիճը մտնում է Սևանի ազգային պարկի մեջ, որպես հատուկ պահպանվող տարածք։

Սևանի վանքը հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները՝ 874 թվականին։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը։


Աժդահակ։ Լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։ Վերջինիս ամենաբարձր գագաթը 3597 մ է, գտնվում է Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։ Բացարձակ բարձրությունը 3597,3 մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գագաթին կից՝  հյուսիսարևմտյան կողմում, կա խառնարան՝ լցված ջրով։

Նորատուսի գերեզմանատուն։ Հայկական միջնադարյան գերեզմանոց Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Խաչքարերը թվագրվում են 10-18-րդ դարերով։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարերի ամենամեծ համալիրն է։

Սոթքի ոսկու հանքավայր։ Հանքավայրը գտնվում է Արևելյան Սևանի լեռնաշղթայի հյուսիսում, Սոթքի լեռնանցքի մոտ։ Հանքավայրի անմիջապես ներքևով է անցնում Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, որը 2020 թվականի նոյեմբերի 25-ից փակ է։ Սոթքը ոսկու` ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է դասվում։


Մասրիկ 1։ ՀՀ արևային ամենամեծ կայանը, որը գտնվում է Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում։ Ունի 55 ՄՎտ հզորություն։


Գավառ մարզկենտրոնը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է։ Քաղաքը մարզի գլխավոր տնտեսական և կրթամշակութային կենտրոնն է։

Հայրավանքը գտնվում է Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին։ Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում։

Բերդկունքի ամրոց։ Հնագույն շրջանից պահպանված պաշտպանական ամրոց Գավառ համայնքի Բերդկունք գյուղում։

Հանրային լողափ Սևանա լճի ափին։