Վայոց Ձոր

Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել մարզի խոշոր բնակավայրերի, բնական, տնտեսական և պատմաճարտարապետական նշանավոր վայրերի մասին։


Մոզրովի քարանձավ։ Կարստային բազմադահլիճ քարանձավ, գտնվում է Արփի-Մոզրով ճանապարհին։

Ջերմուկ քաղաք-առողջարան։ Հայտնի է հատկապես Արփայի աջ և ձախ ափերին գտնվող՝ թվով 36 բուժիչ տաք աղբյուրներով՝ ջերմուկներով, որոնք ունեն հիդրոկարբոնատա-սուլֆատային բաղադրություն։ Շրջակայքում կան նաև «Նարզան» տիպի ջուր, բուժիչ ցեխ:

Նորավանք։ Վանական համալիր Արենի համայնքի Ամաղու գյուղից 3 կմ հարավ-արևելք։ Կառուցվել է 13-ից 14-րդ դարերում։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։


Սմբատաբերդ։ Պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։ Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ, պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։


Արենի գյուղը գտնվում է Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինին։


Եղեգնաձոր մարզկենտրոնը գտնվում է Արփա գետի աջ կողմում, Երևանից մոտ 120 կիլոմետր հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1250 մ միջին բարձրության վրա։


Արփա գետ։ Երկարությունը 128 կմ է (Հայաստանում 90 կմ), ջրհավաք մակերեսը՝ մոտ 2600 կմ²։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ–հունիսին, առավել չափով՝ մայիսին։


Կեչուտի ջրամբարը գտնվում է Ջերմուկ քաղաքի և Կեչուտ գյուղի մոտ՝ Արփա գետի վրա։ Սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Կեչուտի ջրամբարը «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը։


Արենիի քարանձավ։ Քարանձավների համալիր Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ․ այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ․ հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ․ այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թվականին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։


Օրբելյանների իջևանատունը հայտնի է նաև Սելիմի իջևանատուն անվամբ։ Գտնվում է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, Սելիմ լեռան վրա (ծովի մակերևույթից 2410 մ)։ Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը, ի թիվս նման մի շարք այլ շինությունների, որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի՝ հայաստանյան հատվածով անցնող առևտրականների համար։ Հայտնի է, որ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել է, թե ինչպես էին հայերը ապրում դժվարանցանելի լեռների մեջ։