գրականություն 12-րդ դասարան
Ռուսագիր և Ֆրանսագիր հայ գրողներ
Կարդացե՛ք նյութը և հիշատակե՛ք այլ հայ գրողների:
ՌՈՒՍԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ
Ռուսագիր հայ գրողների թիվը հաշվվում է տասնյակներով: Նրանցից շատերն օտար ազգանուններով իսպառ հեռացել են ազգային հիմքից: Ռուսագիր հայ գրողները նշանակալի քանակ կազմեցին XX դարի առաջին տասնամյակներից սկսած: Իսկ ԽՍՀՄ-ի օրոք նրանք պարզապես կոչվում էին խորհրդային գրող: Առավել աչքի ընկած ռուսագիր հայ գրողներից կարելի է հիշատակել արձակագիրներ Գրիգորի Վերմիշևին, Նինա Բերբերովային, Սավա Դանգուլովին (Դանգուլյանց), Վարդգես Թևեքելյանին, Գեորգի Խոլոպովին (Գևորգ Խալափյան), Նիկոլայ Եգորովին (Գևորգյան), Լուսյա Արգուտինսկայային (Արղության), Ֆեոդոր Կոլոնցևին (Թադևոս Բարխուդարյան-Քոլունց), Նորա Ադամյանին, Նիկոլայ Ատարովին (Օթարյան), Կոստանդին Սերեբրյակովին, Սերգեյ Դովլաթովին (հայ է մոր կողմից): Գեղարվեստական արձակի նախասիրություն ուներ նաև ծովակալ Հովհաննես Իսակովը: Բանաստեղծներից կարելի է հիշատակել Էդուարդ Ասադովին (Ասադյան), Էդուարդ Բաբաևին (Բաբայան), Էլ Ռեգիստանին (Գաբրիել Ուրեկլյան), Հարոլդ Ռեգիստանին (Ուրեկլյան), Սերգեյ Մնացականյանին: Հայազգի բանաստեղծ էր ռուսական ապագայապաշտության պարագլուխներից Վելիմիր Խլեբնիկովը (Հալաբյան, 1885-1922): Հիշենք նաև մանկագիր Ռիչի Դոստյանին, թատերագիր Ալեքսանդր Նասիբովին (Նասիբյան), գրականագետներ Բորիս Ռեիզովին (Ռեիզյան), Միխայիլ Գասպարովին (Գասպարյան), Սոֆյա Խիտարովային (Խիտարյան), Լև Հարությունովին (Հարությունյան) և ուրիշների:
Թեև խորհրդային վարչակարգը համահարթում էր ամեն ինչ և ամեն կերպ ջանում վերացնել ազգային պատկանելությունը, այդուամենայնիվ, ռուսագիր հեղինակներից շատերն իրենց նպաստն են բերել նաև հայ գրականությանը՝ պատկերելով հայ կյանքը, կերպավորելով հայ հերոսների, հայ գրականությունից կատարելով ռուսերեն թարգմանություններ: Պատահական չէ բանաստեղծական մի քանի ժողովածուի հեղինակ, Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի ռուսերեն թարգմանիչ Հարոլդ Ռեգիստանի այս խոստովանությունը. «Ես հայ եմ: Ես դա ասում եմ ոչ թե առիթի բերումով, այլ` հպարտության զգացումով, հայացքս ուղղելով իմ արմատներին»:
ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ (1888-1982)
ԿՅԱՆՔԸ: Ռուսագիր հայ գրողներից ամենից ավելի ճանաչվածն ու գնահատվածն է: Նա ծնվել է 1888 թ. ապրիլի 2-ին Մոսկվայում, բժշկի ընտանիքում: Նրա նախնիներն անեցիներ էին, որ ժամանակին բնակություն էին հաստատել Նոր Նախիջևանում: 1912-ին Շահինյանն ավարտել է Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացների պատմաբանասիրական բաժանմունքը: Մի կարճ շրջան ապրել և դասախոսել է Նոր Նախիջևանում: 1944 թ. «Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունը» նյութով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1950-ին ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:
Մարիետա Շահինյանը կապված էր Հայաստանին և հայ մշակույթին, անգամ 1920-ական թթ. նպատակ ուներ տեղափոխվել և ապրել Հայաստանում: Հայաստանում մշտական բնակություն չհաստատելով հանդերձ՝ նա կարողացածի չափ ծառայություն մատուցեց իր ժողովրդին: Եվ պատահական չէ, որ Ե. Չարենցը մի առիթով ասել է. «Մարիետայի հայրենասիրությանը չափ չկա: Միլիոնավոր ռուս ընթերցողներ նրա միջոցով կիմանան ճշմարտությունը Հայաստանի, Արարատ լեռան, Այվազովսկու մասին»:
Մահացել է 1982 թ. մայիսի 20-ին Մոսկվայում:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ: Արգասաբեր ստեղծագործական ուղի է անցել գրողը: Լինելով բարձր զարգացման տեր մտավորական, բազմաթիվ լեզուների գիտակ, մեծ հետաքրքրությունների տեր անձնավորություն՝ իր ուժերը նա փորձել է գրական գրեթե բոլոր հնարավոր ձևերի մեջ:
Գրական ուղին Շահինյանն սկսել է բանաստեղծությամբ՝ «Առաջին հանդիպումներ» (1909), «Orientalia» (1913): Այս տարիներին նա նաև բանաստեղծություններ է գրում Հայաստանի մասին, որոնք թարգմանվում և տպագրվում են հայկական մամուլում: 1916-ին «Համբավաբերը» տպագրել է նրա «Հայ ազգին» սգերգը, որի մեջ կան այսպիսի տողեր.
Բայց, ավա՜ղ, նորից արտերդ ամայի,
Օջախդ ավեր՝ ձեռքով թշնամի…
Եվ քո գյուղերում գայլն է գիշակեր
Ոռնում հագեցած ցերեկ ու գիշեր…
Օ՜, տանջված իմ ազգ, քո անվերջ ուղին
Դեպ Գողգոթա է քեզ տանում կրկին…
«Երանի՜ նրանց,– բայց ասել է Նա–
Որ հալածված են այս երկրի վրա»:
«Նա»-ն գրել է մեծատառ, նկատի ունի Աստծուն:
1910-ական թթ. Շահինյանը հարում է խորհրդապաշտությանը՝ իր հետաքրքրությունները բավարարելով ոչ միայն գեղարվեստական գործունեությամբ, այլև` գրականագիտական աշխատանքներով: Այս տարիների որոնումների ամփոփումն է հոգևոր ու բարոյական ճգնաժամի մեջ գտնվող մտավորականության կյանքին նվիրված «Իմ ճակատագիրը» (1923) փիլիսոփայական վեպը:
1920-ական թթ. նա գրում է ժամանակի պատմաքաղաքական կյանքը ներկայացնող «Փոփոխություն» (1922), «Բարձրաշխարհիկ տիկնոջ արկածները» (1923) վիպակները, «Մես-Մենդ» վերնագրով հրապարակում արկածային վիպակների շարք:
1920-ական թթ., արդեն անվանի գրող, նա պահանջ է զգում մոտիկից ճանաչելու իր նախնիների բնօրրանը: Առաջին անգամ Հայաստան է գալիս 1922-ին. այդ ճամփորդության արդյունքը լինում է հաջորդ տարի տպագրած «Խորհրդային Հայաստան» գիրքը: 1927-ի վերջերին Շահինյանը ժամանակավորապես բնակություն է հաստատում Քոլագերանում, որտեղ կառուցվում էր Ձորահէկը: Մայր հայրենիքի վերաշինությամբ ոգևորված ու Ձորահէկի շինարարության տպավորություններով գրում և 1930-1931 թթ. տպագրում է «Հիդրոցենտրալ» վեպը, որը հաջորդ տարի թարգմանվում է հայերեն: Այդ տարիներին նա լինում է նաև Հայաստանի այլ շրջաններում և կուտակած տպավորություններով գրում բազմաթիվ ակնարկներ, որոնց մի մասն ի մի է բերված «Զանգեզուրի պղինձը» (1927), «Խորհրդային Անդրկովկաս» (1931) գրքերում: Նա նաև սերտ կապեր է հաստատում հայ գրողների հետ: Գրում է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի առաջաբանը, հրաշալի հոդվածներ տպագրում Մարտիրոս Սարյանի, հայազգի նկարիչներ Գեորգի Յակուլովի, Գրիգոր Շլդյանի, հայ արվեստի մյուս գործիչների մասին, թարգմանում Սմբատ Շահազիզի, Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից: Հայաստանն իր տնտեսությամբ ու մշակույթով դառնում է Շահինյանի ստեղծագործության հիմնական մոտիվներից մեկը:
Հանրագիտակ մտավորական էր Շահինյանը. դա են վկայում և՛ նրա «Գրական օրագրերը», և՛ XVIII դարի չեխ երգահան Յոզեֆ Միսլիվիչեկի կյանքը պատկերող վավերագրական վիպակը, և՛ Գյոթեին նվիրված ուսումնասիրությունները, և՛ XIX դարի երկրորդ կեսի ու XX դարի սկզբի Ռուսաստանի պատմությունը վերլուծող վեպ-ժամանակագրությունների շարքը, և՛ ֆիննական «Կալեվալա» դյուցազներգությանը նվիրված մենագրությունը, և՛ շատ այլ գործեր:
Կյանքի վերջին տարիներին ևս Մ. Շահինյանը հաճախակի էր լինում Հայաստանում: Իսկ մահից առաջ իր հարստագույն գրադարանն ու պահոցը կտակեց Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:
ՖՐԱՆՍԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ
Ֆրանսագիր հայ գրողներն ասպարեզ են իջել XX դարի սկզբից: 1908-ին բելգիական հանդեսներում տպագրվել են Կոստան Զարյանի ֆրանսերեն գրած առաջին բանաստեղծությունները:
1911-ին Փարիզում «Համաստվածյան» գրական շարժման հիմնադիր է դառնում Արմեն Տորյանը (Հրաչյա Սուրենյան, 1892, Սկոպյե – 1915, Կ. Պոլիս): Հետևորդների հետ մեկտեղ նա հրատարակում է «Արեն» հանդեսը. թե՛ այդ, թե՛ ֆրանսիական այլ պարբերականներում նա տպագրում է բազմաթիվ բանաստեղծություններ: Հետագայում նա տեղափոխվել է Կ. Պոլիս, հանդես եկել նաև հայերեն ու հայաշունչ բանաստեղծություններով և, ի վերջո, իր գրչակիցների հետ մեկտեղ դարձել 1915-ի ապրիլյան եղեռնի զոհ: «Անցորդը և իր ճամբան» (1975) գրքում Կոստան Զարյանը մտաբերում է. «Արմեն Դորյանը, նուրբ և զգայուն բանաստեղծ, ֆրանսիական գրականությունը թողել և վերջին պահին եկել էր մեր «մեհենական» շարժման միանալու»: 1933-ին տպագրվել է «Մի հայազգի ֆրանսիացի բանաստեղծ» ժողովածուն, որի մեջ ի մի են բերված Արմեն Տորյանի գործերը:
1911-1914 թթ. Կ. Պոլսում հայերեն լույս տեսնող «Շանթ» կիսամսյա հանդեսն էջեր էր տրամադրում Հերմինե Հովյանի ֆրանսերեն բանաստեղծություններին, երբեմն նաև` դրանք ներկայացնում զուգադիր հայերեն թարգմանությամբ:
Ֆրանսերեն էր գրում նաև Իսկուհի Մինասը: Ուսանել է ծննդավայրի օրիորդաց վարժարանում: Ստեղծագործել է հիմնականում ֆրանսերեն, նաև իտալերեն: Բանաստեղծությունների և նորավեպերի զգալի մասը տպագրել է ամուսնու՝ թարգմանիչ ժան Մինասյանի 1908-1911 թթ. Կոստանդնուպոլսում ֆրանսերեն հրատարակած «La patrie» («Հայրենիք») թերթում: Կապված է եղել հայ մտավոր կյանքի հետ: Լույս է ընծայել «Վենետիկյան մարգարիտներ», «Հեծեծյուններ», «Ներուժ ժամեր», «Այն, ինչ մեռնում է», «Աթենքյան վարդեր», «Իտալիայի լուսաստվերը», «Ձայն գիշերվա մեջ», «Ապրել» և այլ ժողովածուներ: Նրան հայերեն են թարգմանել Դանիել Վարուժանը, Արման Կոթիկյանը:
1925-ին Փարիզում Կոստան Զարյանը հիմնում և խմբագրում է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ֆրանսերեն ամսագիրը:
1940-1950-ական թթ. ֆրանսերենի է անցնում հայագիր խոշորագույն գրող Շահան Շահնուրը: 1930-ական թթ. վերջերից, շուրջ քսան տարի գամված լինելով անկողնուն, նա օրերն անցկացնում է հիվանդանոցներում ու առողջարաններում: Այդ տարիներին նա գրում է ֆրանսերեն բանաստեղծություններ ու պատմվածքներ և Արմեն Լյուբեն ստորագրությամբ հրատարակում «Ամբողջ Թրաֆալգարը» (1939), «Ոչինչի որոնում» (1942), «Ծպտյալ ճամփորդը» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Գիշերային տեղափոխություն» (1955), «Բարձրադիր դարավանդներ» (1957), «Հուր ընդ հրո» (1964) ժողովածուները, որոնք արժանանում են ոչ միայն ֆրանսիական գրաքննադատության ուշադրությանը, այլև` մեծ համբավ վայելող մրցանակների: Այս հաջողություններից հետո կյանքի վերջում վերստին անցնում է հայերենի և մայրենի լեզվով հրատարակում մի քանի գիրք:
Տարիների ընթացքում հանդես են գալիս ֆրանսագիր այլ գրողներ, ովքեր սերտորեն կապված էին ազգային ավանդույթներին և խոսում էին հայերեն: Ֆրանսիական գրականության մեջ մեծ համբավի հասան Վիկտոր Գարդոնը (Վահրամ Կաքավյան), Ժան-Ժակ Վարուժանը, Արթուր Ադամովը, Անրի Թրուայան, Շարլ Ազնավուրը, Ռուբեն Մելիքը, Վահե Քաչան, Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան):
Արթուր Ադամովը (Հարություն Ադամյան, 1908-1970) ծնվել է Կիսլովոդսկում: Նրա հայրը շուշեցի նավթարդյունաբերող էր: Առաջին աշխարհամարտից առաջ Ադամյանների ընտանիքը մեկնում է Եվրոպա՝ շրջագայության: Պատերազմը փոխում է նրանց կյանքի ուղին: Ապագա գրողը կրթությունն ստանում է Շվեյցարիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում, իսկ 1924-ից վերջնական բնակություն հաստատում Փարիզում:
Արթուր Ադամովը գրականություն է մուտք գործել գերիրապաշտական բանաստեղծություններով, այնուհետև անցել արձակի: 1946-ին լույս է տեսել «Խոստովանություն» ինքնակենսագրական վիպակը:
Ադամով անունը հիմնականում կապվում է XX դարի մշակութային ուղղություններից մեկի՝ աբսուրդի թատրոնի հետ: Այդ ուղղության գեղագիտական հիմքը գոյապաշտական փիլիսոփայությունն էր: Աբսուրդի թատրոնն իրականությունը ներկայացնում էր որպես ներքին իմաստից ու պատճառական կապերից զուրկ մի անհեթեթ վիճակ: Կյանքի արժեքները հանգում էին ոչնչի ու մահվան: Դա ուղղված էր հոգեբանական թատրոնի դասական դարձած ավանդույթների դեմ՝ այդ իսկ պատճառով աբսուրդի թատրոնը կոչվում է նաև հակադրամա: Փոխվեց նաև թատերական երկի՝ կյանքը նմանակող կառուցվածքը: Դեպքերի հաջորդական ընթացքին, գործողության զարգացմանն ու հանգուցալուծմանը փոխարինեց զգացմունքային ցնցման պայմաններում կյանքին ուղղված հայացքը:
Համաշխարհային հռչակի հասած թատերագիրներ Սամուել Բեքեթի և Էժեն Իոնեսկոյի հետ մեկտեղ Արթուր Ադամովը 1940-ականների կեսերից դառնում է աբսուրդի թատրոնի պարագլուխներից մեկը: Հետաքրքրական է, որ, չնայած աբսուրդի թատրոնի հիմնադիրներն ապրում և գործում էին Ֆրանսիայում, բայց նրանցից ոչ մեկը ծագումով ֆրանսիացի չէր. Բեքեթն իռլանդացի էր, Իոնեսկոն՝ ռումինացի, Ադամովը՝ հայ: Աբսուրդի թատրոնի գաղափարախոսությունը ինչ-որ չափով նրանց վիճակված թափառական կյանքի արդյունքն էր: Բնորոշ են Բեքեթի «Գոդոյին սպասելիս» (1952), Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (1959) թատերգությունները:
Ադամովի թատերգությունների մեծ մասը բեմադրվել է 1950-ական թվականներին՝ «Ծաղրանմանություն» (1950), «Ներխուժում» (1950), «Մեծ և փոքր զորախաղեր» (1953), «Պրոֆեսոր Տարան» (1953): Նրան հատկապես մեծ հռչակ բերեց «Պինգպոնգ» (1955) թատերգությունը: Խորհրդանշական ձևերի մեջ հեղինակը ներկայացնում է մեքենայի վերածված իրականության և կործանվող մարդկության պատկերը: Մեքենան ինքնին գործող անձ է, իսկ մարդիկ վերածվել են խաղաքարերի և դատապարտված են մարմնական կամ հոգեկան մահվան:
1950-ական թթ. կեսերից Ադամովը հեռացավ աբսուրդի թատրոնից և հանդես եկավ պատմաքաղաքական բնույթի նոր թատերգություններով՝ «Պաոլո Պաոլի» (1957), «Յոթանասունմեկի գարունը» (1961), «Մնացուկների քաղաքականությունը» (1962), «Սրբազան Եվրոպա» (1966): Նշանակալի է Ադամովի դերը XX դարի գեղարվեստական մտածողության նորոգման գործում:
Անրի Թրուայան (Լև Տարասով-Թորոսյան, 1911-2007) ծնվել է Մոսկվայում: Նրանց ընտանիքը վաղուց հեռացել էր հայկական միջավայրից և ընդունել ռուսական կողմնորոշում: Խոսքը վերաբերում է լեզվին ու մշակույթին, որի արտահայտություն է նաև գրականությունը: 1918-ին ընտանիքի հետ արտագաղթել է Ռուսաստանից և 1920-ին հաստատվել Ֆրանսիայում: Ստացել է իրավաբանական կրթություն: Առաջին իսկ վիպակը՝ «Սարդը» (1938), մեծ հռչակ բերեց նրան, արժանացավ հանրահայտ Գոնկուր մրցանակի: Թե՛ այս, թե՛ «Քանի աշխարհը կա» (1947) երկերում նա պատկերել է XX դարի սկզբի Ռուսաստանի պատմաքաղաքական իրավիճակը և վտարանդիների կացությունը: Վերջինի հիմքում նաև իր տոհմի պատմությունն է: «Արդարների լույսը» (1959-1963) պատմավեպերի շարքը նվիրված է դեկաբրիստներին, «Ապագայի ժառանգությունը» (1968-1970) եռագրությունը՝ ճորտատիրության վերացմանն ու նարոդնիկական շարժմանը: Թրուայային ավելի մեծ հռչակ բերեցին «Սգավոր ձյունը» (1952, հայերեն՝ 1973) վիպակը և «Էգլեթիերների ընտանիքը» (1965-1967, հայերեն՝ 1980) եռագրությունը, որոնցից առաջինը ևս արժանացել է գրական հեղինակավոր մրցանակի:
Հայկական կյանքին է նվիրված նրա «Հայկական պատարագը» (1938): Ինքնակենսագրական բնույթ ունի «Իմ այնքան երկար ճանապարհը» (1976) հարցազրույցների հավաքածուն: Առանձին վեպեր թարգմանվել և տպագրվել են «Մարմարա», «Արև» թերթերի էջերում: 1959-ին Թրուայան ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ, որի քառասուն անմահներից մեկը լինելու պատվին արժանացած առաջին օտարագիր գրողն է:
Վահե Քաչան (Խաչատրյան, 1928-2003) ծնվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Բեյրութում: 1945-ին մեկնել է Փարիզ և հմտացել կինոբեմադրիչի մասնագիտության մեջ: Եղել է «Սուար դը Բեյրութ» («Երեկոյան Բեյրութ») թերթի թղթակիցը: Հաստատվելով Փարիզում՝ Քաչան սկսում է իր գրական գործունեությունը: Առաջին վեպը՝ «Կիրակի օրվանից մնացած ծխուկներ», տպագրվում է 1953-ին: Նրան հատկապես մեծ հռչակ է բերում «Ակն ընդ ական» (1955) վեպը, որը հրատարակվել է նաև հայերեն: Այդ վեպը 1957-ին արժանացել է ֆրանսիական գրական մրցանակի: Հայերեն են թարգմանվել նաև «Կարթ» (1957), «Արարչի ութերորդ օրը» (1960), «Գիշատիչների խնջույքը» (1960), «Գավազան» (1963), «Մի մարդ ընկավ փողոցում» (1975) վեպերն ու վիպակները: Հայկական կյանքին է առնչվում «Մի դաշույն այս պարտեզի մեջ» (1981) վեպը, որը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի կացությունը՝ ընդգրկելով 1890-ական – 1915 թվականները:
Քաչայի շատ ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել են շարժանկարներ:
Ռուբեն Մելիքը (Մելիք Մինասյան, 1920-2007) ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Մանկուց ծնողների հետ բնակություն է հաստատել Ֆրանսիայում, որտեղ էլ ստացել է միջնակարգ, ապա և Սորբոնի համալսարանում բարձրագույն կրթություն: Աշխատել է լուսավորության բնագավառում, ձայնասփյուռում, հրատարակչություններում: Նրա ստեղծագործությունը ետպատերազմյան տարիների ֆրանսիական պոեզիայի հիշարժան երևույթներից է: Ընդ որում, ի տարբերություն արդիապաշտության միտված սերնդակիցներից շատերի, նա հաջողության հասավ դասական ավանդույթների պահպանումով ու զարգացումով: Առաջին ժողովածուն՝ «Աշխարհի համերաշխությունը», լույս է տեսել 1946-ին: Այնուհետև հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նրան լայն ճանաչում բերեցին հատկապես «Քարե պահակը» և «Ստորգետնյա եղանակներ» գրքերը, որոնք լույս տեսան 1961 և 1962 թթ.: Իր վաստակի համար նա արժանացել է Ֆրանսիայի ակադեմիայի և Ֆրանսիայի գրողների միության մրցանակների: Ռուբեն Մելիքի ստեղծագործության մեջ մշտական տեղ ունի Հայաստանը, որտեղ նա եղել է մի քանի անգամ, իսկ 1986-ին մասնակցել է Հայաստանի գրողների 9-րդ համագումարի աշխատանքներին: «Քարե պահակը» պոեմն ասես Հայաստանի «Գիրք ծննդոցը» լինի:
Իր ժողովրդի պատմության հետ սկսած զրույցը նա շարունակում է նաև «Հայկական առասպել», «Տոնահանդես» բանաստեղծություններում: Հայոց թափառական կյանքի առասպելն այսօր իր թշվառությունն է թաղում, իսկ նրա առասպելը՝ առասպելն է համայն մարդկության:
Ռուբեն Մելիքը նաև հայ գրականության լավագույն բարեկամներից է, Փարիզի ձայնասփյուռով և հեռուստատեսությամբ նա կազմակերպել է հայ գրականությանը նվիրված հաղորդումներ, հանդես եկել բանախոսություններով: Նրա խմբագրությամբ, կազմակերպական ջանքերով 1975-ին Փարիզում լույս է տեսել «Հայ պոեզիայի հավաքածու: Հինգերորդ դարից մինչև մեր օրերը» ծավալուն գիրքը:
1978-ին Երևանում թարգմանաբար լույս տեսավ Մելիքի «Մարմին՝ ինձնով կենդանի» ժողովածուն, որի «Խոսք հայ ընթերցողին» նախաբանում նա գրել է. «Ահա իմ պոեզիան այս գրքի շնորհիվ միավորվում է իր բնաշխարհին, հայկական աշխարհին: Իրականանում է երիտասարդական մեծ իղձերիցս մեկը՝ վերադառնալ հայրենի տուն, վաղ թե ուշ, այս կամ այն ձևով վերադառնալ և իր տեղն ունենալ հարազատ օջախում: Լինել ձեր մեջ, Հայաստանի քույրեր և եղբայրներ… Ես ձերն եմ՝ մեր ցավերն ու հրճվանքը լսելիս, մեր հիշատակների ու հույսերի մասին վերապատմելիս, մեր հուշերի միասնականության մեջ, քանզի ես ձերն եմ հանուն անցյալում հոշոտված, վիրավոր ու սգակիր մեր հայրենիքի և հանուն փրկված, ազատագրված ու բարգավաճող այսօրվա հայրենիքի»:
Հայ մշակույթին բերած ծառայությունների համար Ռուբեն Մելիքը 1986-ին արժանացել է Հայաստանի գրողների միության Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակի:
Շարլ Ազնավուրը (Շահնուր-Վաղինակ Միքայելի Ազնավուրյան) ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Փարիզում, մահացել է 2018 թվականին: Ծնողները մանկուց նրան ծանոթացրել են հայ տաղերգուների, այդ թվում՝ Սայաթ-Նովայի ստեղծագործություններին: Համաշխարհային համբավի հասած երգահանը, երգիչն ու դերասանը նաև բանաստեղծ է: Նրա քերթվածները ֆրանսիական շանսոնների տեսակին պատկանող փոքրիկ բալլադներ են, որոնք «XX դարի պոեզիա» հեղինակավոր մատենաշարով լույս են տեսել Փարիզում:
Արժե առանձնացնել դրանցից մի քանիսը՝ «Ինձ տվեցին», «Բոհեմը», «Պարզ է, սիրում եմ քեզ», «Իզաբել», «Մայրը», «Հայաստան»:
Հայերեն թարգմանվել են Ազնավուրի գրեթե բոլոր գործերը: 1968-ին տպագրվել է «Սեր սրտի չափով» բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1976-ին՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին» ինքնակենսագրական պատումը, որի մեջ նա խոսում է իր հայկական ծագման, ծնողների և կյանքում տեղը գտնելու դժվարին, բայց երջանիկ ճակատագրի մասին: Ահա՛ թե ինչպես է նկարագրում նա իրենց ընտանիքը. «Մենք մի գաղթական հայ ընտանիք էինք ու, ինչպես բոլոր գաղթական հայ ընտանիքները, կապված էինք մեր լեզվին, սովորություններին ու եկեղեցուն: Զուսպ, քաշված, համեստ էր մեր ընտանիքը: Մենք սիրում էինք ծիծաղել, երգել, պարել և արտասվել: Այո՛, և արտասվում էինք, որովհետև հայը շատ զգացմունքային է ու հեշտությամբ է լաց լինում և՛ կնունքին, և՛ պսակին, և՛ թաղմանը»:
Ազնավուրը սերտորեն կապված է Հայաստանին: 1964-ին նա համերգներ է տվել Երևանում: 1988-ի երկրաշարժից հետո ստեղծել է «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, բազմիցս այցելել Հայաստան, Ժորժ Կառվարենցի հետ հորինել «Հայաստանին» հուզիչ երգը:
Ֆրանսագիր մյուս հայ գրողներից կարելի է հիշատակել նաև Վինյի ժորժի (Զոհրապ Պաղճյան), Ալեք Վարուժի, Վահե Գոդելի (բնակվում է Շվեյցարիայում, հայ է մոր կողմից), նկարիչ ժան Գառզուի որդու՝ ժան-Մարի Գառզուի անունները: