Կենսաբանություն 9-րդ դասարան
Բջջի կառուցվածքը
Խորացնենք գիտելիքները
Բջիջը ունի բջջակմախք՝ ցիտոպլազմային մանրաթելերի ցանց, որը ապահովում է բջիջների կառուցվածքը և ձևը, թույլ է տալիս բջիջներին շարժվել։ Օրինակ՝ ամեոբայի կեղծ ոտքերը բջջակմախքի մաս են կազմում։
Կորիզավոր բջջի հիմնական օրգանոիդների մեջ տարբերում են ռիբոսոմները, էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները, լիզոսոմները և պլաստիդները։ Ռիբոսոմները բջջում հաշվվում են մի քանի միլլիոն, որոնք բջջին անհրաժեշտ են սպիտակուցի սինթեզի համար։ Ռիբոսոմները ձևավորվում են կորիզակի տարածքում, հետո կորիզաթաղանթի անցքերով դուրս են գալիս ցիտոպլազմա։ Էնդոպլազմային ցանցը (ԷՊՑ) իրենից ներկայացնում է ճյուղավորված խոռոչների համակարգ, որը ծածկված է պլազմային թաղանթ հիշեցնող թաղանթով։ Տարբերում են հարթ և հատիկավոր ԷՊՑ։ Հարթ ԷՊՑ-ի վրա սինթեզվում են ածխաջրեր և լիպիդներ։ Հատիկավոր ԷՊՑ-ի վրա գտնվում են ռիբոսոմներ, և այստեղ սինթեզվում են սպիտակուցներ։ Գոլջիի համալիրը գլանաձև տակառների համալիր է, որտեղ կուտակվում են բջջում սինթեզված նյութերը, ենթարկվում հետագա փոխարկումների, փաթեթավորվում են թաղանթային պղպջակների և տեղափոխվում ցիտոպլազմայի մեջ այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են։ Գոլջիի համալիրում են սինթեզվում պոլիսախարիդները և օրգանական բարդ միացությունները, որոնց շնորհիվ տեղի է ունենում պլազմային թաղանթի նորոգումը։ Գոլջիի համալիրը մասնակցում է նաև գեղձերում մարսողական ֆերմենտներով լցված բշտիկների ձևավորմանը, ինչպես նաև ձվաբջիջներում դեղնուցի հատիկների ձևավորմանը։ Լիզոսոմները փոքր թաղանթային օրգանոիդներ են, որոնց մեջ կարող են պարունակվել շուրջ 50 ամենատարբեր օրգանական նյութեր ճեղքող մարսողական ֆերմենտներ։ Լիզոսոմը ձևավորվում է Գոլջիի համալիրում։ Սննդի մեջ եղած էներգիան բջջում անջատվում է միտոքոնդրիումներ կոչվող կառույցների միջոցով, որոնք պահեստավորում են էներգիան ԱԵՖ-ի տեսքով։ Միտոքոնդրիումն ունի սեփական ԴՆԹ, որը թույլ է տալիս նրան ինքնուրույն բազմանալ։ Միտոքոնդրիումների քանակը տարբեր է օրգանիզմներում կամ օրգաններում։ Այնտեղ, որտեղ կա էներգիայի պահանջ, միտոքոնդրիումները շատ են։ Օրինակ՝ սպերմատոզոիդն ունի մեկ միտոքոնդրիում, այնինչ լյարդի բջիջներում դրանք մի քանի հարյուր են։ Պլաստիդները բուսական բջջի օրգանոիդներ են, բացառությամբ որոշ նախակենդանիների՝ կանաչ էվգլենա, քլորելլա։ Պլաստիդները (քլորոպլաստներ, քրոմոպլաստներ, լեյկոպլաստներ) բջջում մասնակցում են սննդանյութերի ստեղծմանը և պահեստավորմանը։ Միտոքոնդրիումների նման պլաստիդները նույնպես ունեն երկթաղանթ կառուցվածք, սեփական ԴՆԹ և ռիբոսոմներ։ Քլորոպլաստը բուսական բջջի հիմնական օրգանոիդն է, որի մեջ տեղի է ունենում ֆոտոսինթեզ, այսինքն՝ օրգանական նյութերի առաջացումը անօրգանական նյութերից՝ արեգակնային լույսի էներգիայի մասնակցությամբ։ Պլաստիդները կարող են փոխարինվել մեկը մյուսով․ օրինակ՝ լույսի տակ կարտոֆիլի պալարի լեյկոպլաստները փոխարկվում են քլորոպլաստների։ Բջջային կենտրոնը երկու փոքր գլանաձև մարմնիկներ են՝ ցենտրիոլներ, որոնք կարևոր դեր են խաղում բջջի բաժանման ժամանակ․ դրանք մասնակցում են բաժանման իլիկի ձևավորմանը։