Սևանա լճի հիմնախնդրի ջրագրական, տնտեսական և էկոլոգիական կողմերը
Տեսություն
Ինչպես արդեն հայտնի է, Սևանա լճի ջրագրական տվյալները փոփոխության են ենթարկվել տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքում: 2019 թ. տվյալներով՝
- լճի հայելու բացարձակ բարձրությունը կազմում է մոտ 1 900 մ,
- լճի մակերեսը` 1 279 քառ/կմ,
- լճի ծավալը` 38 խոր/կմ,
- լճի առավելագույն խորությունը` 83 մ
- լճի ջրի աղիությունը` 0,7 գ/լ:
Տարեկան Սևանա լիճ մուտք է գործում 1459 մլն խոր/մ ջուր, ելքը 1418 մլն խոր/մ է:
Սևանա լճի բնապահպանական խնդիրները շատ ավելի բարդ ու բազմաբովանդակ են և ներառում են աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտների փոխհարաբերությունների բոլոր կողմերը: Լճի ջրային պաշարների դարավոր օգտագործման հետևանքով ստեղծվել է հետևյալ էկոլոգիական իրավիճակը.
- Փոխվել է ջրի որակը: Այդ փոփոխության պատճառ են դարձել գյուղատնտեսական գործունեությունը, կենցաղային և արտադրական թափոնները: Լիճ ներհոսող ջրի հանքայնությունն աճել է 1,5 անգամ: Նախկինում լճի ջրում հանքային ազոտը գրեթե բացակայում էր, առկա էր հանքային ֆոսֆորի մեծ քանակություն: Ներկայումս ազոտ նկատվում է ամենուրեք, իսկ ֆոսֆորը նվազել է:
- Լճի հայելու մակարդակի տարեկան տատանումներն աճել են: Ջրափոխանակությունը Մեծ և Փոքր Սևանների միջև նվազել է: Ջրի լուսաթափանցելիության միջին տարեկանը սկզբում եղել է 12 մ, այժմ` 4,5 մ:
- Օրգանիզմների տեսակները և զարգացումը կրել են կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ: Մինչ լճի մակարդակի անկումը կենսաբազմազանությունը հասնում էր մինչև 40-ի, ներկայումս գերազանցում է 100-ը: Լայնորեն տարածվել են կանաչ և կապտականաչ ջրիմուռները:
- Իջել են գետերի էրոզիայի մակարդակները (բազիսները):
- Ջրերից ազատված տարածքների հողերը աղքատ են հումուսով և պիտանի չեն գյուղատնտեսական օգտագործման համար:
- Լճի ափամերձ գոտում չորացել են շուրջ 10 հազ. հա ճահճային տարածքներ՝ կորցնելով իրենց յուրահատուկ կենսաբազմազանությունը:
- Սևանի ավազանում տարածված են եղել 1600 բարձրակարգ բույսերի տեսակներ, 36 տեսակ կաթնասուններ, 267 տեսակ թռչուններ, 4 երկկենցաղներ, 18 տեսակ երկկենցաղներ, 9 տեսակի ձկներ: Գիլի ճահճային տարածքի չորացման հետևանքով 167 տեսակի էնդեմիկ և միգրացիա կատարող թռչնատեսակներից մնացել է 18 տեսակ:
Շարունակվում են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման աշխատանքները: Նախատեսվում է լճի հայելու մակարդակը հասցնել 1903.5 մ բարձրության: Սակայն մակարդակի բարձրացման հետ ի հայտ է եկել նոր հիմնախնդիր. լճի ափերը պատրաստ չեն մակարդակի բարձրացմանը, գոյություն ունեն հսկայական քանակության բուսազանգված, հատկապես` անտառ և շինություններ:
Ներկայումս Սևանա լճի ավազանն օգտագործվում է նաև որպես ռեկրեացիոն գոտի: Այստեղ 1978 թ. ստեղծված «Սևան» ազգային պարկի տարածքում առանձնացվում են հետևյալ ֆունկցիոնալ գոտիները. արգելոցային, ռեկրեացիոն, կլիմայաբուժական, հանգստի և զբոսաշրջության, ճանաչողական զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի տարածքներ և այլն: Սևանա լիճը ՀՀ-ի համար ունի նաև աշխարհաքաղաքական մեծ նշանակություն` որպես տարածաշրջանում քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուր:
Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025