Հայկական ԽՍՀ բնակչության սոցիալական կազմը

Մինչև 1920-ական թվականների վերջը Հայաստանն իր բնույթով մանր սեփականատիրական էր: Այսինքն՝ բնակչության ճնշող մեծամասնությունը մենատնտես գյուղացիներ էին, արհեստավորներ և քաղաքի մանր սեփականատերեր:
1930-ական թվականներին անցկացվեց համատարած կոլեկտիվացում, և վերացվեց մասնավոր սեփականությունը: Արտադրության միջոցները կենտրոնացան հիմնականում մեկ սեփականատիրոջ` պետության ձեռքում: Ամբողջ աշխատունակ բնակչությունը դարձավ բանվոր, կոլտնտեսական և ծառայող: Այդ վիճակը շարունակվեց մինչև 1991 թ., երբ բնակչության սոցիալ-դասակարգային կազմի 85%-ը բանվորներ ու ծառայողներ էին և նրանց ընտանիքի անդամներ, իսկ մնացած 15%-ը` կոլտնտեսականներ:
Խորհրդային տարիներին ոչ միայն մեծացավ բնակչության զբաղվածության մակարդակը, այլև զգալիորեն փոխվեց բնակչության զբաղվածության կառուցվածքը: Այսպես՝ նվազեց զբաղվածությունը գյուղատնտեսության ճյուղում, իսկ դրան հակառակ` աճեց արդյունաբերության մեջ և սպասարկման ոլորտի ճյուղերում:

Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025