Քիմիական արդյունաբերության զարգացումը Խորհրդային Հայաստանում
1. Բնական գազի հիմքի վրա սինթետիկ կաուչուկի և այլ քիմիական միացությունների արտադրական համալիրը ծագել է տեղական հանքային հումքի` կրաքարի վերամշակումից: Դա էներգատար էր և բնապահպանական առումով վնասակար: Ուստի կազմակերպվեց սինթետիկ կաուչուկի ստացումը բնական գազից: Այս համալիրի գլխավոր ձեռնարկությունը Երևանի «Նաիրիտ» գործարանն էր, որն արտադրում էր սինթետիկ կաուչուկի հատուկ տեսակ` քլորոպրենային կաուչուկ:
Կաուչուկի արտադրության հիմքի վրա լայն զարգացում ստացավ ավտոդողերի և ռետինատեխնիկական իրերի արտադրությունը: Հետխորհրդային տարիներին դրանց արտադրությունը պարբերաբար ընդհատվում է: Անհրաժեշտ է սարքավորումների նորացում և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, որոնց համար պահանջվում են մեծ կապիտալ միջոցներ: ՀՀ-ում համալիրում ներկայացված է ռետինե իրերի ու պլաստմասսաների (Երևան, Վաղարշապատ), սինթետիկ կորունդի ու սինթետիկ թելերի (Վանաձոր) արտադրություններով:
2. Ազոտային պարարտանյութերի և ազոտական այլ միացությունների համալիրը հիմնված է բնական գազի և օդից անջատվող ազոտի օգտագործման վրա: Խորհրդային տարիներին արտադրվում էր մեծ քանակությամբ ամիակ, ազոտաթթու, մելամին, որոնք լայն կիրառություն ունեն արտադրության ամենատարբեր բնագավառներում, հատկապես գյուղատնտեսության մեջ: Այս համալիրի կենտրոնը Վանաձոր քաղաքն է, որի քիմիական կոմբինատը ներկայումս չի գործում:
3. Գունավոր մետալուրգիայի արտադրական թափոնների օգտագործման (ուտիլացման) համալիր: Ալավերդու կոմբինատի պղնձաձուլության թափոնների հիման վրա կազմակերպվել էր պղնձարջասպի և ծծմբաթթվի արտադրությունը, որը կիրառություն ունի գյուղատնտեսության մեջ: Պղնձաձուլության արտադրության ընդհատման հետ դադարեցվել են նաև նշված արտադրությունները:
4. Առանձին համալիր է կազմում քիմիական կենցաղային իրերի արտադրությունը: Այն հենվում է քիմիական մյուս համալիրներում թողարկվող նյութերի վրա և արտադրում է բնակչության կենցաղում և տնտեսության տարբեր ճյուղերում լայն կիրառում ունեցող լվացող հեղուկներ, լաքեր ու ներկեր, թունաքիմիկատներ և այլ նյութեր: Դրա գլխավոր կենտրոնը Երևան քաղաքն է:
5. Քիմիական արդյունաբերության հեռանկարային ենթաճյուղ է փոքր քիմիան: Ի տարբերություն քիմիական արդյունաբերության այլ ենթաճյուղերի և արտադրությունների, որոնք սովորաբար էներգատար և հումքատար են, այս ենթաճյուղի արտադրանքը փոքրածավալ, գիտատար ու աշխատատար է և պահանջում է նուրբ ու ճշգրիտ տեխնոլոգիա: ՀՀ-ում բոլոր նախադրյալները կան, որպեսզի փոքր քիմիան դառնա առաջատար ենթաճյուղ և զարգացման գերակա ուղղություն: Արտադրանքի գլխավոր տեսակներն են քիմիական ռեակտիվները, վիտամինները, կենսաքիմիական միացությունները: Վերջերս ստեղծված դեղերի արտադրության ձեռնարկությունների շնորհիվ արագորեն զարգանում է նաև դեղագործական քիմիան: Այս ենթաճյուղի գլխավոր կենտրոնը նույնպես Երևան քաղաքն է:
Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025