Տեղեկություններ Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական ուսումնասիրությունների մասին
Հայաստանի տարածքում աշխարհագրական հետազոտությունները կատարվել են անհիշելի ժամանակներից: Այդ են վկայում բաբելոնյան, ասորական և ուրարտական սեպագիր արձանագրությունները: Հայկական լեռնաշխարհ այցելել և ուսումնասիրություններ են կատարել հույն հայտնի գիտնականներ Հերոդոտոսը, Քսենոֆոնը, Ստրաբոնը և Պտղոմեոսը (Ք.ա. V-l դդ.): Հայ հեղինակների աշխատություններից աշխարհագրական տեղեկություններ և վերլուծություններ են պարունակում հատկապես Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» (V դ.) և Անանիա Շիրակացու «Աշխարհացույց» (Vll դ.) գրքերը: Անանիա Շիրակացու աշխատանքներում առաջարկներ են արվում Հայաստանի վարչատարածքային բաժանման վերաբերյալ, տրվում են լեռնագրական, կլիմայական, ջրաբանական և կենսաաշխարհագրական բնույթի նկարագրություններ:
Համեմատաբար նոր ժամանակներում` սկսած XlX դարից, Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական հետազոտություններ սկսել են կատարել արևմտաեվրոպական և ռուս գիտնականներն ու ճանապարհորդները (Ի. Շոպեն, Հ. Աբիխ. Հ. Լինչ և այլք): Մինչխորհրդային շրջանում հայ հեղինակների աշխարհագրական աշխատանքները հիմնականում կատարվել են Հայաստանից դուրս եղած գաղթավայրերում, մշակութային կենտրոններում, հատկապես Վենետիկի Մխիթարյան միաբանությունում (Ղ. Ալիշան, Ղ. Ինճիճյան և ուրիշներ):
Հայաստանի բնության, բնակչության և տնտեսության, դրանց առանձին բաղադրիչների ճյուղային և համալիր տարածքային աշխարհագրական հետազոտությունների ամենաբուռն ժամանակաշրջանը խորհրդային և հետխորհրդային տարիներն են: Այդ ժամանակաշրջանում աշխարհագրագետներն ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող բազում հիմնախնդիրների լուծմանը, որոնք վերաբերում են վարչատարածքային բաժանմանը, բնօգտագործմանը և բնապահպանությանը, բնակչության և տնտեսության արդյունավետ տեղաբաշխմանը, ՀՀ տարածաշրջանների համալիր սոցիալ-տնտեսական զարգացմանը: