Թեթև արդյունաբերության զարգացումը Խորհրդային Հայաստանում
Այդ ամենով հանդերձ՝ թեթև արդյունաբերությունը խորհրդային տարիներին Հայաստանի արդյունաբերական համալիրի երկրորդ ճյուղն էր: Իր գլխավոր տնտեսական ցուցանիշներով (արտադրության ծավալով և աշխատողների թվով) այն զիջում էր միայն մեքենաշինությանը:
Բավականին բազմազան էր թեթև արդյունաբերության ճյուղային կառուցվածքը: Դրա բազմաթիվ ենթաճյուղեր ու արտադրություններ միավորում են տասնյակ ձեռնարկություններ, որոնք տեղաբաշխված են Հայաստանի բազմաթիվ քաղաքներում և մի շարք խոշոր գյուղերում: Տեղաբաշխման հիմնական նախադրյալը կանանց աշխատուժի առկայությունն է:
Խորհրդային տարիներին արտադրված գործվածքների, տրիկոտաժեղենի, գուլպեղենի և կոշկեղենի 3/4-ը, պատրաստի հագուստեղենի ու գորգեղենի կեսից ավելին սպառվում էր Հայաստանի սահմաններից դուրս:
ԽՍՀՄ փլուզումը, հումքի ներկրման և արտադրանքի սպառման ավանդական շրջանների ու երկրների հետ կապերի խզումը, էներգետիկ ճգնաժամը, տրանսպորտային շրջափակումը գրեթե կազմալուծեցին մեր երկրի արդյունաբերության առաջատար այս ճյուղը: Բացի այդ, Գյումրիում և Սպիտակում գտնվող ճյուղի առաջատար ձեռնարկություններից մի քանիսը 1988 թ. ավերիչ երկրաշարժի պատճառով վերածվեցին փլատակների:
Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025