Գեղարքունիքի մարզ
Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել մարզի խոշոր բնակավայրերի, բնական, տնտեսական և պատմաճարտարապետական նշանավոր վայրերի մասին։
Սևանա լիճ։ Բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ², որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ³ է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Սևանա լիճը մտնում է Սևանի ազգային պարկի մեջ, որպես հատուկ պահպանվող տարածք։
Սոթքի ոսկու հանքավայր։ Հանքավայրը գտնվում է Արևելյան Սևանի լեռնաշղթայի հյուսիսում, Սոթքի լեռնանցքի մոտ։ Հանքավայրի անմիջապես ներքևով է անցնում Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, որը 2020 թվականի նոյեմբերի 25-ից փակ է։ Սոթքը ոսկու` ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է դասվում։









