Սյունիքի մարզ

Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել Սյունիքի մարզի խոշոր բնակավայրերի մասին։


Տաթևի վանք։ Միջնադարյան վանական համալիր (9-րդ դար) Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի աջափնյա եզերքին։


Շաքիի ջրվեժ։ Գտնվում է Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում, Շաքի գյուղից 1 կմ հարավ, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 15-17 մ է։

Սոսու պուրակ-արգելավայր։ Կազմավորվել է 1958 թվականին, տարածքը՝ 60 հա, գտնվում է Ծավ և Շիկահող գետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ, 700-800 մ բարձրություններում։ Ստեղծվել է արևելյան սոսու բնական պուրակի (միակը՝ Կովկասում) պահպանության նպատակով։


Խուստուփ։ Լեռնագագաթ Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռներում։ Ունի 3201 մ բարձրություն։


Գորիսը գտնվում է մայրաքաղաք Երևանից մոտ 240 կմ հեռավորության վրա  և 69 կմ հյուսիս-արևելք մարզկենտրոն Կապանից, Որոտանի վտակ Վարարակն գետի ափին։ Հիմնադրվել է 1870 թվականին՝ որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ Գորիսը մշակութային կարևոր կենտրոն է։


Կապանը Սյունիքի մարզկենտրոնն է: Գտնվում է Երևանից մոտ 300 կմ հարավ-արևելք, Ողջի գետի ափին, ծովի մակարդակից 910 մ բարձրության վրա: Ունի բազմաճյուղ արդյունաբերություն։


Քաջարանը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Ողջի գետի վերնագավառում, մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Քաղաքում Ողջի գետին է միախառնվում Ծակքար վտակը։ Քաջարանը հանքարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է ՀՀ-ում։


Մեղրի քաղաքը գտնվում է հայ-իրանական միջպետական սահմանի մոտ, Մեղրի գետի ստորին հոսանքի աջ ափին, ծովի մակարդակից 605 մ բարձրության վրա։

Քարահունջ (Զորաց քարեր)։ Նախապատմական մեգալիթյան կառույց, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Սիսիան քաղաքի մոտ: 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան։

Սատանի կամուրջ։ Տրավերտինից բնական կամուրջ՝ Որոտան գետի կիրճում, Տաթև գյուղից արևելք: Երկարությունը մոտ 30 մետր է, լայնությունը՝ 50-60 մ։ Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր։ Դարեր շարունակ այդ կրաքարային նստվածքները կուտակվելով՝ առաջացրել են կամուրջը։ Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը։

Հին Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել և պահպանվել է պետության կողմից։ Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան։


Բաղաբերդը Մեծ Հայքի Սյունիք նահանգի անառիկ ամրոցներից էր, IV դարից սկսած եղել է ռազմական կարևոր հենակետ: Բաղաբերդը տեղադրված է Ողջագետի և Գիրաթազ գետերի միախառնման հատվածում, հունից 200 մ բարձրության վրա։