գրականություն 9-րդ դասարան

Մովսես Խորենացի, «Ողբ»

Կարդացե՛ք «Ողբ»-ը, պատասխանե՛ք տրված հարցերին և կատարե՛ք առաջադրանքները։

ՈՂԲ

(Կրճատուﬓերով)

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՑԵՂԻՑ ԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՏՈՀՄԻՑ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ողբում եմ քեզ, Հայո՛ց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի ﬔջ վեհագո՛ւյնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիﬓավորվեց տգիտությամբ չարափառությունը: Խղճում եմ քեզ, Հայաստանյա՛յց եկեղեցիդ՝ բեﬕդ բարեզարդությունից անշքացած, քաջ հովվից և հովվակցից զրկված: Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի ﬔջ ժողովված` գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:

Ավա՜ղ այս զրկանքներին, ավա՜ղ այս թշվառ պատմությանը: Ինչպե՞ս դիմանամ այս ցավերին, ինչպե՞ս ամրապնդեմ ﬕտքս ու լեզուս և հայրերիս իմ պարտքը հատուցանեմ այս խոսքով՝ իմ ծնունդի և սնունդի փոխարեն: Որովհետև նրանք ինձ ծնեցին և սնուցեցին իրենց տված ուսումով և ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու: Եվ ﬕնչ նրանք սպասում էին ﬔր դարձին, որ փառավորվեն իմ աﬔնիմաստ արվեստով և լիակատար պատրաստությամբ, և ﬔնք էլ, Բյուզանդիայից շտապ-շտապ դիﬔլով, հույս ունեինք հարսանիքներում պարել խիզախ և արագ շարժուﬓերով և առագաստի երգեր երգել, այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում` ողորﬔլի հառաչելով. նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին ձայնը և օրհնությունը:

Այսպիսի վշտով խեղդվում եմ, ﬔր հոր կարոտով մաշվում: Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունն ուղիղների համար և ահավորությունը չարերի համար. ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտների հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ արբանյակներ էր գրավում. ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը. կորա՜վ ժողովուրդը, ծածկվե՜ց նավահանգիստը, լքե՜ց օգնականը, լռե՜ց խրախուսիչ ձայնը:

Ո՞վ այսուհետև պիտի հարգի ﬔր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր աշակերտի առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի` մասամբ իր որդուց հաղթվելով: Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետության հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք, աﬔն բանով քանդված ու քայքայված՝ շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից ﬔկը, աﬔն բանի նրանք հավասարապես դժվարանում են հասնել, և իրենց համար չար օրինակ են դարձնում ﬔզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ մարդկանց: Ո՞վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և ﬔզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի և լռության:

Երբ մտածում եմ այս բաների մասին, իմ ﬔջ հառաչանք և արտասուք են ծագում, ինձ թելադրում են տխրալից և սգավոր խոսք ասել: Եվ չգիտեմ՝ ինչպե՛ս հորինեմ իմ ողբը և կամ ո՛ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն գցվեց և նախքան մահով ﬔռնելը, անարգաբար աթոռից կործանվեց, թե՞ ինձ, ում գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կյանքին օգտակար պսակը. արդյոք իմ հո՞րն ու քահանայապետի՞ն, այն վսեմ մտքի՞ն՝ լի կատարյալ խոհականությամբ, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած` ուղղություն էր տալիս ընթացքին և սանձահարում էր օտարոտի մտքեր հայտնող լեզուները, թե՞ ինձ՝ նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս. արդյոք իմ ծնողի՞ն՝ այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունը, թե՞ ինձ՝ նրա խրատները խﬔլու ծարավից ցամաքածիս ու թառամածիս. արդյոք ﬔր աշխարհին արդեն եկա՞ծ աղետները, թե՞ ապագայում սպասվելիքները:

Ո՞վ ﬔզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով ﬔր տրտմությանը, ո՞վ ﬔզ կընկերանա` ցավակցելով ﬔր ողբին կամ արձանների վրա փորագրելու:

Ուսուցիչները` տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ Սուրբ Հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի ﬔջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:

Կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:

Վիճակավորները` հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:

Աշակերտները` սովորելու ﬔջ ծույլ, սովորեցնելու ﬔջ փութաջան, ովքեր դեռ չսովորած` աստվածաբան են:

Աշխարհականները` ամբարտավան, ստահակ, ﬔծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, ﬖասագործ, ժառանգությունից փախչող:

Զինվորականները` անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների համաբարո:

Իշխանները` ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ:

Դատավորները` տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող:

Եվ առհասարակ սերն ու ամոթն աﬔնքից վերացած:

Եվ ի՞նչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ Աստված ﬔզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնույթը. գարունը` երաշտ, ամառը` սաստիկ անձրևային, աշունը` ձﬔռ դարձած, ձﬔռը` սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև: Քաﬕները` բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող. ամպերը` կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևները` անժամանակ և անօգուտ. եղանակը` դաժան, եղյամաբեր. ջրերի անօգուտ ավելանալը և չափազանց պակասելը. երկրի պտղաբերությունը` նվազած, անասունների աճելությունը` պակաս, այլև երկրաշարժներ և սասանուﬓեր: Եվ այս բոլորի վրա աﬔն կողﬕց խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա:

Որովհետև ﬔզ տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, ովքեր ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս: Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնաﬕները` զորացած. հավատը ծախվում է այս ունայն կյանքի համար: Ասպատակություններ են գալիս անհատնում և շատ կողﬔրից տները թալանվում են, ստացվածքները` հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռաﬕկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ: Աստվածապաշտությունը մոռացված է, դժոխքի ակնկալություն…

📖 ԲԱՌԱՐԱՆ 
բարեզարդություն – գեղեցկություն, վայելչազարդություն, բարությամբ զարդարված
անշուք – շքեղություն չունեցող, խղճուկ
փարախ – ոչխարների հանգստանալու տեղ` գոմ կամ բաց տեղ. փոխաբերաբար՝ եկեղեցի` իբրև հավատացյալների հոտի ապահով հանգրվան
արբանյակներ գրավել – իր շուրջը պտտվողներ` հետևորդներ, կողﬓակիցներ ունենալ
առագաստի երգեր – ամուսնական երգեր, հարսանիքի երգեր
սփոփել – վիշտը ցրել, փարատել, ﬗիթարել, հուսադրել, ոգեպնդել, բուժել անարգաբար – ստորաբար,
անարգ` ստոր, նվաստ, անպատիվ, չնչին
կենցաղօգուտ – կենցաղի, կյանքի համար օգտակար
վիճակավոր – ունևոր, վիճակ` թեմ ունեցող, թեմական, հոգևոր դասին պատկանող
փութաջան – ջանասեր, եռանդուն
ստահակ – խարդախ, նենգ, վատ, ստոր, լկտի, սուտ բաների հակված
հելուզակ, ելուզակ – ավազակ, հարստահարիչ, կեղեքիչ
ամբարիշտ – անգութ, դաժան, վայրագ, անհաշտ, կռվասեր
աշխարհական – ոչ կրոնավոր, աշխարհիկ

 

    ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Պատմական ի՞նչ իրադարձությունների կապակցությամբ է Խորենացին գրել «Ողբ»-ը:
  2. Պատﬕչն ո՞ւմ է դիմում  և ի՞նչ է ասում:
  3. Ինչպե՞ս է Խորենացին բնորոշում ուսուցիչներին, կրոնավորներին, վիճակավորներին, աշակերտներին, աշխարհականներին, զինվորականներին, իշխաններին, դատավորներին:
  4. Ինչո՞ւ այսպիսի տխուր ավարտ ունեցավ Խորենացու «Հայոց պատմություն»-ը:
  5. Հաﬔմատե՛ք Խորենացու ժամանակները ﬔր ժամանակների հետ. ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ եք տեսնում:
  • Ներկայացրե՛ք «Ողբ»-ում նկարագրված իրականության պատմական ժամանակաշրջանը։
  • Բացատրե՛ք «Ողբ»-ի  ճանաչողական և դաստիարակչական նշանակությունը։
  • Համեմատե՛ք 5-րդ և 21-րդ դարերի Հայաստանի պատմաքաղաքական իրավիճակը՝ նշելով նմանություններն ու տարբերությունները։
  • Ներկայացրե՛ք «Ողբ»-ի արդիական հնչեղությունը։ Արտահայտե՛ք տեսակետ և հիմնավորե՛ք։
  • Ինչպե՞ս կփոխեիք ժամանակի իրականությունը։ Շարադրե՛ք ձեր մտքերը գրավոր։
  • Ի՞նչ ուղերձ  կհղեր Խորենացին  21-րդ  դարի  հային։ Շարադրե՛ք ձեր մտքերը գրավոր։
  • Ինչպիսի՞ մարդկային արժեքներ կուղղեիք Խորենացու «Ողբում» նկարագրված հասարակության տարբեր շերտերին։ Կարևո՞ր են ձեզ համար այդ արժեքները։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։

Խմբային աշխատանք

  • Վարե՛ք մտացածին հարցազրույց Խորենացու հետ իր ապրած ժամանակաշրջանի և այսօրվա Հայաստանի մասին։

Բաժանվե՛ք խմբերի և խմբերի անդամներից յուրաքանչյուրին  տալով իր նախընտրած պատմական կամ մշակութային գործչի դերը՝ վարե՛ք զրույց «Իմ տեսած  և երազած Հայաստանը» թեմայով։

Ըստ ձեզ, ի՞նչ  ուղերձ  կհղեր Խորենացին  XXI-րդ  դարի  հային։ Շարադրե՛ք ձեր մտքերը գրավոր։

Խաչվող հասկացություններ

 Պատմաքաղաքական ինչպիսի՞ ժամանակաշրջանի արդյունք է Խորենացու «Ողբ»-ը։ Ի՞նչ պատճառներ հիմք հանդիսացան «Ողբի» համար։Մտքերը շարադրե՛ք գրավոր։

Ժամանակի և տարածության հեռավորությունից գնահատե՛ք «Ողբ»-ում  նկարագրված պատմական, քաղաքական և հասարակական իրավիճակները։

Համեմատե՛ք  V և XXI  դարերի Հայաստանի պատ­մաքա­ղաքական իրավիճակը՝ նշելով նմանու­թյուն­­ներն ու տար­բե­րություն­ները։

Ներկայացրե՛ք «Ողբ»-ում նկարագրված հասարակության պատկերը և բացատրե՛ք դրա ճանաչողական նշանակությունը։