գրականություն 9-րդ դասարան

Փավստոս Բուզանդ. «Արշակ և Շապուհ»

Շապուհ թագավորի մասին. թե ինչպես այդ ժամանակ դադարեցրեց պատերազմը հայոց Արշակ թագավորի դեմ և նենգությամբ իր մոտ կանչեց հաշտության համար
Ապա պարսից Շապուհ թագավորը մեծ աղաչանքներով, ընծաներով ու հրովարտակներով Արշակ թագավորին սիրով իր մոտ էր կանչում, որ այնուհետև իրար մեջ սեր, խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատեն: Իսկ Արշակ թագավորը թեև ուզում էր պատերազմ տալ, բայց Հայոց աշխարհի ամբողջ զորքը այս բանին չէր համաձայնում: Ուստի նա կամա-ակամա սիրտ արեց խոնարհությամբ հրովարտակ ուղարկել պարսից Շապուհ թագավորին, ինչպես հպատակն իր տիրոջը: Իր կողմից էլ նրան հաշտության ընծաներ էր ուղարկում:

Թե ինչպես Շապուհ թագավորը կրկին անգամ հայոց Արշակ թագավորին կանչեց, և ինչպես նա գնաց ու միանգամայն կորավ
Արանից հետո պարսից Շապուհ թագավորը դարձյալ (պատգամ) ուղարկեց հայոց Արշակ թագավորին և ասաց. «Եթե ես և դու իրար հետ հաշտ ենք, ապա եկ միմյանց հետ տեսություն անենք և այնուհետև իբրև հայր ու որդի լինենք միմյանց, իսկ եթե չես գա, ուրեմն պատերազմ ես ուզում մեր երկուսի միջև»: Արշակը նրանից խնդրեց ուխտի հավատարիմ երդում, որ անկասկած լինելով՝ գնա: Շապուհը Պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղ, կնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց Արշակին՝ ասելով, որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի: Երբ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ այս տեսան ու լսեցին, ստիպեցին, բռնադատեցին, շտապեցրին իրենց Արշակ թագավորին, որ վեր կենա գնա, ներկայանա պարսից Շապուհ թագավորին: Այնուհետև հայոց Արշակ թագավորը կամա-ակամա վեր կացավ, իր հետ վերցրեց հայոց զորավար-սպարապետ Վասակին՝ իր դայակին, և ճանապարհ ընկավ Հայոց աշխարհից Պարսից աշխարհը՝ պարսից Շապուհ թագավորի մոտ. գնաց ներկայացավ պարսից Շապուհ թագավորին: Երբ նրանց տեսան, երկուսին էլ՝ Արշակ թագավորին և Վասակ սպարապետին, արձակ պահում էին ազնվական թիկնապահ զորքերի մեջ: Եվ Շապուհ թագավորը կանչեց Արշակ թագավորին և խիստ նախատեց նրան իբրև իր ծառայի, իսկ նա նրա առաջ իրեն հանցավոր և մահապարտ ճանաչեց: Դրանից հետո նրան դարձյալ թիկնապահների գնդին հանձնեցին, որ պահեն:

Թե ինչպես Շապուհը, վհուկներին հարցնելով, փորձում էր Արշակի դիտավորությունը և ուղարկում Անհուշ բերդը. կամ ինչպես հրամայում էր չարաչար մահով սպանել հայոց Վասակ սպարապետին
…. Երբ երեկո եղավ, պարսից թագավորի ընթրիքի ժամը հասավ. սովորությունն այնպես էր, որ հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում միևնույն տախտի վրա՝ իրար մոտ. օրենք էր, որ պարսից թագավորն ու հայոց թագավորը մի տախտի վրա բազմեն՝ մի գահի վրա. իսկ այդ օրը նախ պատրաստեցին բոլոր այնտեղ գտնված թագավորների բազմելու տեղերը և ամենից վերջում, բոլորից ներքև, Արշակի բազմելու տեղը պատրաստեցին, որի հատակին հայկական հող էին շաղ տվել: Նախ բոլորը բազմեցին ըստ իրենց աստիճանների, հետո բերեցին բազմեցրին Արշակին: Նա մի կարճ ժամանակ բազմեց մնաց մռութները կախած, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին. «Իմն է այդ տեղը, որտեղ դու բազմել ես. վե՛ր կաց այդ տեղից, որ ես այդտեղ բազմեմ, որովհետև մեր (Արշակունյաց) ազգի տեղն այդ է եղել. իսկ եթե ես իմ աշխարհը դառնամ, քեզնից մեծ վրեժներ կպահանջեմ»:
Այն ժամանակ պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս բերել երկաթե շղթաներ, կապել Արշակի պարանոցը, ոտքերն ու ձեռքերը, տանել նրան Անդմըշն բերդը, որին ասում են Անհուշ բերդ, և կապված պահել այնտեղ, մինչև մեռնի:
Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առջև բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար-սպարապետին: Քանի որ Վասակը փոքր էր մարմնով, պարսից Շապուհ թագավորն ասաց նրան. «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ և քաջերին չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս պիտի իմ ձեռքից ազատվես. ես քեզ աղվեսի մահով պիտի սատկեցնեմ»: Վասակ սպարապետը պատասխան տալով՝ ասաց. «Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով, և սուրս էլ վրաս չէ, իմ մեծության չափը չիմացար, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա: Բայց երբ ես դեռ Վասակ էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուսը՝ մյուս լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ կողմի լեռը գետին էի կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ կողմի լեռն էի գետին կոխում»: Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Չի՞ լինի ասես, այդ ի՞նչ լեռներ են, որ դու տափն էիր կոխում»: Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ հունաց թագավորը. քանի որ Աստված հաճ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին կոխում, հունաց թագավորին էլ, քանի որ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա կար, և Աստված մեզ ձեռքից չէր թողել: Քանի որ մենք Նրա խոսքը լսում էինք և Նրա խրատով էինք վարվում, կարողացանք քեզ խրատ տալ, մինչև որ մենք ինքներս բաց աչքերով խորխորատի մեջ ընկանք: Հիմա ինչ ուզում ես, արա՛»: Ապա պարսից թագավորը հրամայեց հայոց Վասակ զորավարի մորթը հանել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշ բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին:

Նյութի աղբյուրը՝ Վիքիդարան