Ինչպես Ցիցերոնը բացահայտեց Կատիլինայի դավադրությունը

Ընթերցեք և քննարկեք արդյոք Ցիցերոնը ճիշտ վարվեց՝ մոլորեցնելով ապստամբներին։

Ժամանակակից իրավունքը սկիզբ է առնում Հին Հռոմից: Հռոմեական Հանրապետությունում շատ էր կարևորվում հռետորական արվեստը, իրավաբանի աշխատանքը: Դրա պատճառն այն էր, որ Հռոմի Հանրապետությունը իրավունքի վրա հիմնված պետություն էր, ինչը նշանակում է, որ որոշումները կայացվում էին քվեարկության, ոչ թե մեկ անձի կամայականության հիման վրա: Դա պահանջում էր քաղաքական գործիչներից տիրապետել համոզելու արվեստին:

Հռոմում երկար դարեր բարձրագույն կառավարման մարմինը Սենատն էր` Հռոմի ամենահարգված, հարուստ և հայտնի մարդկանց ժողովը: Այդտեղ ծավալվում էին թեժ քննարկումներ, վիճաբանություններ: Մինչև այժմ էլ հռետորության լավագույն օրինակներն են այն ճառերը, որոնք արտասանել են հռոմեացի պետական գործիչները:

Հռետորության դասական օրինակներից են Մարկուս Տուլիուս Ցիցերոնի (մ. թ. ա. 106 — մ. թ. ա. 43) ճառերն ընդդեմ Լուկիոս Սերգիոս Կատիլինայի (մ.թ.ա. 108 – մ.թ.ա. 62): Դրանցով Ցիցերոնը բացահայտեց Կատիլինայի դավադրությունն ընդդեմ Հռոմի Հանրապետության:

Մարկուս Տուլիուս Ցիցերոնի կիսանդրին
Մարկուս Տուլիուս Ցիցերոնի կիսանդրին

Հին Հռոմում ամեն տարի ընտրվում էր երկու կոնսուլ: Կոնսուլները բարձրագույն պաշտոնատար անձինք էին: Կատիլինան քաղաքական գործիչ էր, որը մի քանի անգամ ընտրությունների միջոցով փորձել էր զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն չէր հաջողել:

Այդ պատճառով Կատիլինան իր համակիրների հետ որոշեց բռնի զավթել իշխանությունը: Ապստամբությունը սկսելու պահն ընտրվեց մ.թ.ա. 63թ.-ի հոկտեմբերի վերջը: Պլանավորվում էր, որ ապստամբությունը կսկսի Հռոմում, ապստամբները կսպանեն իրենց հակառակորդներին, իսկ համակիրները միաժամանակ խռովություն կբարձրացնեն Իտալիայի մի քանի քաղաքներում:

Սակայն ներքին հակասությունների պատճառով ապստամբության սկիզբը պարբերաբար հետաձգվում էր:

Սպասվող խռովության մասին տեղեկությունները հասան Ցիցերոնին, որն այդ պահին կոնսուլ էր: Ապացույցները բավարար չէին Կատիլինային մեղադրելու համար: Ուստի, Ցիցերոնը որոշեց դիմել խորամանկության:

Մ.թ.ա. 63թ.-ի նոյեմբերին Ցիցերոնը հրավիրեց Սենատի նիստ Յուպիտեր Ստատորի տաճարում: Վայրի ընտրությունը նույնպես կարևոր նշանակություն ուներ: Այդ տաճարը կառուցվել էր ի պատիվ առասպելական ճակատամարտի, երբ Հռոմի հիմնադիր Հռոմուլոսը երդվեց տաճար կառուցել Յուպիտերի պատվին, եթե վերջինս կանգնեցնի հռոմեացի զինվորների փախուստը և օգնի հաղթել: Սա պետք է ի ցույց դներ, որ իրավիճակը շատ լուրջ է:

Ցիցերոնը հանդես եկավ հրաշալի ելույթով, որի ընթացքում, չունենալով բավարար ապացույցներ, այնուամենայնիվ, պնդեց, որ Կատիլինայի խռովությունը բացահայտված է և վերջինս պետք է դադարեցնի իր հանցանքները: Կատիլինան չկարողացավ բերել հակափաստարկներ և հաջորդող օրերին լքեց Հռոմը:

Չեզարե Մակկարի, «Ցիցերոնի ելույթը Կատիլինայի դեմ», 1888
Չեզարե Մակկարի, «Ցիցերոնի ելույթը Կատիլինայի դեմ», 1888

Դրանից հետո ապստամբության մասնակիցները սկսեցին գործել ոչ համակարգված: Ապստամբությանը պետք է մասնակցեր նաև գալական մի ցեղ: Սակայն տեսնելով, որ խռովության սկիզբը ձգձգվում է, նրանք որոշեցին համագործակցել Ցիցերոնի հետ: Ցիցերոնը համոզեց գալերին ձևացնել, որ իրենք դեռ պատրաստ են շարունակել օգնել ապստամբներին: Ցիցերոնի ցուցումով նրանք պետք է պահանջեին խռովարարներից նամակներ, որտեղ վերջիններս կնշեին իրենց պարտականությունները և հավատարմությունը ապստամբությանը` կնքելով նամակները սեփական կնիքներով:

Ստանալով այդ նամակները` Ցիցերոնը հրավիրեց Սենատի ևս մեկ նիստ, որտեղ ներկայացրեց դրանք: Այդ ապացույցների հիման վրա սենատը որոշում կայացրեց ընդդեմ ապստամբների` դատապարտելով նրանց մահապատժի: