Գույն և գունավորում
Գույնի բնութագրություն
Գույների զարմանալի ուժի մասին է վկայում դրանց ամենուրեք լինելու փաստը: Բնության գրկում գտնվելիս փորձեք նկատել, թե որքան ճիշտ և նուրբ է բնությունը բաշխել հազարավոր երանգներ: Գույները ոչ միայն հարստացնում են աշխարհի նկատմամբ մեր գեղագիտական ընկալումը, այլ նաև կենսականորեն կարևոր ֆունկցիաներ են կատարում: Դրանց ազդեցությունը մարդկանց վրա շատ ավելի մեծ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Պատահական չէ, որ գույները լայն կիրառություն ունեն նաև դիզայնում:
Գույնը բնութագրվում է երանգ, հագեցվածություն և պայծառություն հասկացություններով:
Երանգը գույնի տարբեր աստիճանի մուգ և բաց վիճակներն են: Յուրաքանչյուր գույնի երանգներ ստանալու համար անհրաժեշտ է ավելացնել տարբեր քանակությամբ սպիտակ կամ սև գույներ:
Հագեցվածությունը գունային երանգի արտահայտման աստիճանն է: Ինչքան փոքր է հագեցվածությունը, այնքան գույնը քիչ է տարբերվում անգույն կամ գորշ վիճակից: Օրինակ՝ եթե մաքուր կարմիր գույնի ներկին խառնեն մի փոքր սպիտակ կամ սև գույնի ներկ, գունային երանգը դրանից չի փոխվի, բայց ստացված նոր գույնը կլինի ավելի քիչ հագեցված:
Պայծառությունը գույնի լուսավորության աստիճանն է: Գույնին եթե ավելացնեն սպիտակ, կմեծանա պայծառությունը, իսկ սև ավելացնելու դեպքում պայծառությունը կնվազի:
Գոյություն ունեն բազմաթիվ տարբեր գույներ և երանգներ: Դրանց քանակը հնարավոր չէ հաշվել: Տարբեր գույների խառնումից ստացվում են նոր երանգներ: Գույները կանոնակարգելու համար մասնագետները կիրառում են տարբեր համակարգեր, օրինակ՝ <<գույների շրջան — 12 գույների շրջան>> համակարգը:
Հիմնական (մաքուր) գույները երեքն են՝ կարմիր, դեղին, կապույտ: Այս գույներն անհնար է ստանալ այլ գույներ իրար խառնելով, ընդհակառակը, այս երեք գույները խառնելով ստանում են մնացած բոլոր գույները։ Նկարում երևում է կարմիր, դեղին, կապույտ հիմնական գույներից ստացվող գույների բազմությունը: Յուրաքանչյուր գույն ունի իր կարևորությունը և ազդում է մարդու գիտակցության վրա տարբեր ձևով: Տեսնելով որեւէ գույն` մարդն ունենում է որոշակի հուզական ապրումներ, բարձրանում կամ ընկնում է տրամադրությունը: Այս իմաստով գույները լինում են տաք, սառը և չեզոք:
Տաք են կոչվում կրակի և արևի գույները (կարմիրը, դեղինը, նարնջագույնը և դրանց երանգները): Այս գույներն ունեն ակտիվ ներգործություն, բարձրացնում են տրամադրությունը, քաջալերում:
Սառն են կոչվում ջրի և սառույցի գույները (կապույտը իր երանգներով, կանաչը, մանուշակագույնը): Սառը գույները հանգստացնող են, տրամադրում են անդորրի:
Չեզոք գույներն են սպիտակը և գորշը:
Արեգակի լույսը թվում է սպիտակ, սակայն իրականում այն պարունակում է ծիածանի բոլոր գույները: Սպիտակ լույսի ճառագայթն, անցնելով ապակե պրիզմայի միջով, բեկվում է և առաջացնում գույների լուսապատկեր (սպեկտոր): Դրա կազմի մեջ մտնում են յոթ գույները` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, երկնագույն և մանուշակագույն:




